Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հայտարարում է երկրի տարածքում ծրագրվող ահաբեկչական հարձակումների կանխման մասին։
Խոսքը, մասնավորաբար, Ադրբեջանի՝ առավելապես թալիշներով բնակեցված հարավային շրջաններում գտնվող Լենքորան քաղաքի վարչակազմի ղեկավարի սպանությունը կանխելու մասին է։
Ադրբեջանի հատուկ ծառայությունների պնդմամբ, ահաբեկչական հարձակումները կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է ռուսաստանյան Մուրմանսկ քաղաքում բնակվող 35-ամյա Բահրուզ Ասքերովը։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Ասկերովը մի շարք անձանց է հավաքագրել՝ հանձնարարելով նրանց կազմակերպել Լենքորանի քաղաքապետի, ինչպես նաև Ադրբեջանի տարբեր շրջաններում անգլերենի դասավանդմամբ զբաղվող մի օտարերկրացու սպանությունները։ Վերջինիս քաղաքացիությունը Ադրբեջանի հատուկ ծառայությունները չեն բացահայտում։
Բացի այդ, ըստ ադրբեջանական իշխանությունների, Ասքերովը մտադիր էր մի շարք անձանց համար արտերկրում ռազմական պարապմունքներ կազմակերպել։ Նրա այդ մտադրությունը սակայն, ըստ Ադրբեջանի անվտանգության ծառայության, ևս կանխվել է։