Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։
«Զվարթնոց» օդանավակայանում Կոբախիձեին դիմավորել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Խաչատրյանի գրասենյակը տեղեկացնում է, որ Կոբախիձեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ըստ վրացական կողմի՝ Կոբախիձեն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ երկկողմ, ապա ընդլայնված կազմով բանակցություններ կունենան, ապա Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների ղեկավարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Վրաստանի վարչապետը կհանդիպի նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի հետ։
Մարտի 16-ին Կոբախիձեն պաշտոնական այցով Բաքվում էր։ Վրաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող տարբեր հարցեր, խոսել տարածաշրջանում ընթացող գործընթացների մասին։ Կոբախիձեն շեշտել է, որ խաղաղությունն ու կայունությունը հատուկ ուշադրության կարիք ունեն։
«Մենք միշտ փորձել ենք հնարավորինս նպաստել մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։ Այս մոտեցմամբ մենք, իհարկե, կշարունակենք մեր գործունեությունը ապագայում»,- ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը։
Սրանք վարչապետի պաշտոնում Կոբախիձեի առաջին այցերն են հարևան երկու երկրներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանը կշարունակի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող արտաքին քաղաքականությունը