Ոստիկանության բաժին ներխուժման փորձ կատարած երկու անձ «հոսպիտալացվել է բեկորային վնասվածքներով»

Ոստիկանության շենք Երևանում, արխիվ

Ոստիկանության Նոր Նորքի շենք ներխուժելու փորձի ժամանակ վիրավորում ստացածները այն կատարած անձինք են, «Ազատության»-ը տեղեկացրեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Վիրավորները, նրա հաղորդած նախնական տվյալներով, տուժել են իրենց իսկ գործողություններից:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նրանք ստորին վերջույթի բեկորային վնասվածքներ են ստացել, քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

«Ազատության» տեղեկություններով՝ բեկորային վնասվածք ստացածները 51-ամյա և 55-ամյա տղամարդիկ են, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ոստիկանության վարչական շենք 3 հոգի ներխուժման փորձ է կատարել այսօր ժամը 17։00-ի սահմաններում։ Այս պահին հայտնի չէ նրանց ինքնությունը։

Ոստիկանությունից հայտնել են, որ մեկ հոգի զինված շարունակում է մնալ Ոստիկանության բաժնի դիմաց։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ձեռնարկվում են նրան վնասազերծելու աշխատանքներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ներխուժման փորձ ոստիկանության Նոր Նորքի բաժին. կան վիրավորներ