Ներխուժման փորձ ոստիկանության Նոր Նորքի բաժին. կան վիրավորներ

Երևանի Նոր Նորքի ոստիկանության բաժնի դիմաց ուժայինները բանակցում են զինված ներխուժման փորձ կատարած անձի հետ, 24-ը մարտի, 2024թ.

20։32

Ոստիկանության Երևանի Նոր Նորքի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյուն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով, հայտնում է Քննչական կոմիտեն։

19։50

Այս պահին որևէ ահաբեկչական խումբ տվյալ ոստիկանության բաժնում չի գործում, լրագրողներին ասաց դեպքի վայր ժամանած Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը:

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ սա «ահաբեկչական ակտին բնորոշ վարքագիծ էր»։

«Վարկածներ չկան, մնացածը կհայտնեն պատկան մարմինները։ Ես ընդամենը տեղյակ եմ, որ ցանկացած անձ, որ ոստիկանության բաժանմունքում հայտնվում է զինված կամ պայթուցիկ նյութով, ահաբեկչական գործողություն է՝ ըստ մեր քրեական օրենսգրքի»,-ասաց նա։

19։34

Ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցները զինված տղամարդուն վնասազերծել են առանց հրազենի կիրառման, հայտնել է ոստիկանության խոսնակ Նարեկ Սարգսյանը։

19։18

ԱԱԾ աշխատակիցները վնասազերծել են զինված երրորդ անձին, նա ձեռքին նռնակ ուներ։ Դեռևս հայտնի չէ, թե ինչպես են նրան վնասազերծել, և նաև ինչն էր նրա պահանջը։

19։14

Ուժայինների անդադար շարժ է Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի մոտ, «Ազատության» թղթակիցն է հաղորդում դեպքի վայրից։

Your browser doesn’t support HTML5

Զինված ներխուժման փորձ Նոր Նորքի ոստիկանության բաժին. «Ազատությունը» դեպքի վայրում է

18։53

Ոստիկանները շարունակում են բանակցել նռնակով զինված տղամարդու հետ, նա սպառնում է պայթեցնել այն:

18:48

Վիրավորները ստորին վերջույթի բեկորային վնասվածքներ են ստացել, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, «Ազատության»-ը տեղեկացրել են առողջապահական գերատեսչությունից։

18։34

«Ազատության» տեղեկություններով՝ վիրավորում ստացածները 51-ամյա և 55-ամյա տղամարդիկ են, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

18։33

Վիրավորում ստացածները ոստիկանության աշխատակիցները չեն: ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ վիրավորում ստացածները ներխուժման փորձ արած տղամարդիկ են, նախնական տվյալներով՝ տուժել են իրենց իսկ գործողություններից:

18։05

Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժման փորձ է եղել, «Ազատությանը» հայտնեց ՆԳՆ ոստիկանության խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Ավելի ուշ տարածած հաղորդագրությամբ ոստիկանությունը հայտնեց, որ ժամը 17։00-ի սահմաններում 3 քաղաքացի զինված փորձել է ներխուժել բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել է և տեղափոխվել բուժհաստատություն։

Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ Ոստիկանության բաժնի դիմաց։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ձեռնարկվում են նրան վնասազերծելու աշխատանքներ։

«Մարտական եղբայրություն» միաբանությունը, իր հերթին, հաղորդագրությամբ է հանդես եկել՝ հերքելով իր առնչությունը միջադեպին։

«Միաբանությունը ոչ մի կապ չունի կատարվածի հետ, մենք դատապարտում ենք ցանկացած տիպի ահաբեկչական գործունեություն, գործել և գործելու ենք միայն օրենքի շրջանակներում», - ասված է նրանց ֆեյսբուքյան գրառման մեջ։

«Մարտական եղբայրության» 49 անդամ այսօր բերման էր ենթարկվել ոստիկանություն։ Նրանք այս կեսօրին նախատեսել էին այց Վերին Ոսկեպար, միաբանության խոսքով, մարտավարական պարապմունքների։ Երեկ, սակայն, կառույցից հայտնել էին, որ «գրասենյակ էին այցելել Հայաստանի Քրեական ոստիկանության ներկայացուցիչները», հորդորել ձեռնպահ մնալ այս նախաձեռնությունից։ Այնուամենայնիվ, մի խումբ մեկնել էր Տավուշ։

Ժամը 18։10-ի սահմաններում միաբանության ղեկավար Հրանտ Տեր-Աբրահամյանը հայտնել է, որ իրենց բոլոր անդամներն այս պահին ազատության մեջ են՝ կրկին հերքելով իրենց առնչությունը։