«Քաղաքացիական պայմանագրի» առաքելությունն է առաջնորդել հայ ժողովրդի և պետության անցումը պատմական Հայաստանից իրական Հայաստան և ապահովել երկարաժամկետ ինստիտուցիոնալ զարգացումը, Գյումրիում կուսակիցների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես կարծում եմ, որ եթե մենք այս ընտրությունը չկատարենք, և պատմական Հայաստանը լինի մեր գործողությունների հիմնական մոտիվացիան, ես վախենամ, որ շատ մեծ կդարձնենք հավանականությունը, որ իրական Հայաստանը նույնպես կդառնա պատմական», - նշել է նա:
Նիկոլ Փաշինյանը համաձայնել է, որ իրենց մոտեցումները, որոշակի դրվագներում իրենց խոսույթները փոխվում են ժամանակի ընթացքում, սակայն նրա խոսքով՝ դա անսկզբունքայնություն չէ, այլ «քաղաքականության որդեգրում՝ փլուզվող աշխարհում ՀՀ-ն նոր պայմաններում ավելի մրցունակ դարձնելու»։
«Ես չեմ ուզում սրել հարցերը, բայց ես նաև ուզում եմ սրել հարցերը, սրել քննարկելու նպատակով, սրել, որպեսզի մենք հարցի կարևորությունն զգանք: Ինձ մտահոգում է մի բան, որ այդ քննարկումների հիմքում դրվող մոտիվացիան երբեմն պատմական Հայաստանի ընկալումն ու պատմական Հայաստանի քաղաքացի լինելու ընկալումն է»,- շեշտել է վարչապետը։
Հանդիպումը փակ է եղել, վարչապետի ելույթից մի հատված է կուսակցությունը հրապարակել։ Հայտնի չէ՝ անդրադարձ եղել է արդյոք վերջին օրերին ամենաքննարկվող հարցերին, մասնավորապես Տավուշում հայկական վերահսկողության տակ գտնվող չորս գյուղերի վերադարձին։
«Քաղաքացիական պայմանագիր»-ը մարզերում կուսակցական փակ ժողովներ է անցկացնում վերջին ամիսներին։