Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 ձերբակալվածների մասին, որոնց թվում են «4 ահաբեկիչները»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին և ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկով, արխիվ

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է 11 անձանց ձերբակալության մասին, այդ թվում՝ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչությանն անմիջականորեն մասնակցած բոլոր 4 ահաբեկիչների, հաղորդում է РИА "Новости" լրատվական գործակալությունը:

ԱԴԾ հրապարակած հայտարարության համաձայն՝ «ահաբեկչությունն իրականացնելուց հետո հանցագործները փորձում էին անհետանալ՝ մեքենայով շարժվելու ռուս - ուկրաինական սահմանի կողմը»: «Հանցագործները ահաբեկչությունը կատարելուց հետո մտադիր էին անցնել ռուս - ուկրաինական սահմանը, համապատասխան կոնտակտներ ունեին ուկրաինական կողմում», - պնդում է ԱԴԾ-ը:

Ըստ նույն աղբյուրի՝ «Բրյանսկի մարզում ձերբակալվել են բոլոր 4 ահաբեկիչները», որոնց տեղափոխում են Մոսկվա:

ԱԴԾ-ի հավաստմամբ՝ «արդեն հաստատվել է, որ ահաբեկչությունը մանրակրկիտ պլանավորված էր, ահաբեկիչների կիրառած զենքը նախապես պատրաստ պահված էր թաքստոցում»:

Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Զոհվել է առնվազն 60, վիրավորվել՝ 146 մարդ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ահաբեկչություն Crocus City Hall-ում․ կարևորն առավոտվա դրությամբԱռնվազն 144 զոհ՝ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության հետևանքով. 11 մարդ ձերբակալվել է