Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մերձավոր Արևելք կատարած հերթական ուղևորության շրջանակներում այսօր ժամանել է Իսրայել:
Թել Ավիվում Բլինքենին ընդունել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Նախատեսված են նաև պետքարտուղարի հանդիպումները Նեթանյահուի ռազմական կաբինետի անդամների հետ։
Ավելի վաղ Բլինքենն այցելել է Սաուդյան Արաբիա և Եգիպտոս։
Ինչպես հաղորդել է ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության մամուլի վարչությունը, Բլինքենը քննարկելու է Գազայի հատվածում անհապաղ հրադադար հաստատելու հարցը: Հնարավոր համաձայնությունը ենթադրելու է բոլոր պատանդների ազատ արձակումը, Գազայի հատվածի համար նախատեսված մարդասիրական օգնության ծավալների ավելացումը և այդ տարածքում հետկոնֆլիկտային համակարգումը:
Հակամարտությունը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելի հարձակման են ենթարկել հերական խաղաղ բնակավայրերը:
«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կառույց է համարվում:
«Համաս»-ի գրոհների հետևանքով զոհվել է մոտ 1200 իսրայելցի և հարյուրավոր մարդիկ պատանդառվել են: Իսրայելի պատասխան գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 31 հազար պաղեստինցի և ավելի քան 72 հազարը վիրավորվել է:
Իսրայելը հայտարարել է, թե ամբողջությամբ ոչնչացնելու է «Համաս»-ի սրտորաբաժանումները: Մեծ թվով երկրներ ոչ համաչափ են համարում Իսրայելի գործողությունները: Գազայի հատվածը գործնականում ավերակների է վերածվել: Արաբական և մահմեդական պետությունները պնդում են, որ Իսրայելը պաղեստինցիների ցեղասպանություն է իրականացնում: Իսրայելը հերքում է մեղադրանքը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենը այս շաբաթ մտադիր է այցելել Մերձավոր Արևելք