Հարավային Կովկասում առկա իրավիճակը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի գործընթացը, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններն են քննարկել Հայաստանի և Բելգիայի վարչապետներն այսօր Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ:
Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Դը Քրուին է ներկայացրել Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա սկզբունքները: Տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում երկուստեք կարևորվել է Եվրամիության դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը վերաբերող հարցերին:
ՀՀ կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են նաև Հայաստան-Բելգիա համագործակցությանը վերաբերող հարցեր, կողմերը կարևորել են Հայաստանում Բելգիայի դեսպանության բացումը:
Հայաստանի վարչապետը երեկ է մեկնել Բրյուսել՝ մասնակցելու Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել