Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային խաղերը 2027-ին կանցկացվեն ՀՀ-ում

Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը 2027-ին կանցկացվեն Հայաստանում, այսօր հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով՝ Հայաստանը ֆրանկոֆոն ընտանիքի հետ միասին այսօր նշում է ֆրանկոֆոնիայի միջազգային օրը։

«Միջազգային այս հեղինակավոր միջոցառումը Հայաստանում հյուրընկալելու միաձայն որոշումը վկայում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դավանած արժեքներին Հայաստանի անվերապահ հավատարմության և կազմակերպության ու գործընկեր պետությունների կողմից Հայաստանի նկատմամբ լիակատար վստահության մասին», - Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2024 թվականի երկամսյակի մեկնարկի կապակցությամբ իր ուղերձում ասել է Միրզոյանը՝ շեշտելով՝ Հայաստանը հանձնառու է բարձր մակարդակով կազմակերպել այդ խաղերը։

2024-ն նշվում է նաև ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը։ Հոբելյանը ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների տարելիցների 2024-2025թթ. օրացույցում։

Վկայակոչելով Ազնավուրի՝ «Իմ երկիրը՝ նաև ֆրանսերեն լեզուն է» խոսքերը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, այս տարի ևս ֆրանկոֆոնիան Հայաստանում մեկ տանիքի ներքո միավորելու է երկրի մշակութային և կրթական գլխավոր դերակատարներին. տասնյակ համալսարաններ, դպրոցներ, թատրոններ, գրադարաններ, մշակութային կենտրոններ երկու ամիս շարունակ խոսելու են ֆրանսերեն, ապրելու են ֆրանկոֆոնիայի գույներով և նշելու են բազմազանության այս բացառիկ տոնը։ Ամբողջ երկրի տարածքում տեղի են ունենալու շուրջ 800 մշակութային և ուսուցողական միջոցառումներ։

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը նշվում է 1970 թվականից՝ նշանավորելով ֆրանսախոս երկրների միջազգային այս կազմակերպության հիմնադրումը։ 2012 թվականից Հայաստանը ֆրանսախոս երկրների այս միջազգային կազմակերպության լիիրավ անդամ է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանկոֆոնիայի անդամներն ընդունված բանաձևով իրենց աջակցություն են հայտնում Հայաստանին, Ալիևն արձագանքում է