Սանկտ Պետերբուրգում ակտիվիստը ձերբակալվել է քվեաթերթիկի վրա «ոչ պատերազմին» գրության համար

Սանկտ Պետերբուրգի շրջանային դատարանը ութ օրով կալանավորել է տեղի բնակչուհի Ալեքսանդրա Չիրյատիևային՝ քվեաթերթիկի վրա «ոչ պատերազմին» գրության համար։ Ավելի ուշ նույն դատարանը նրան տուգանել է 40 հազար ռուբլով։

Աղջիկը մեղավոր է ճանաչվել մանր խուլիգանության հոդվածով և նրա դեմ արձանագրություն է կազմվել ռուսական բանակը «վարկաբեկելու» համար, հայտնում է "ОВД-Инфо"-ն։

Չիրյատիևան բերման էր ենթարկվել մարտի 17-ին։ Ընտրատեղամասում ոստիկանը հետևել էր, թե ում օգտին է քվեարկում նա և ինչ է գրում քվեաթերթիկի վրա, ապա թույլ չտալով քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ՝ նրան բերման էր ենթարկել։ Մատնահետքերը վերցնելուց հետո աղջիկն ազատ էր արձակվել։

«Ազատության» Настоящее Время-ն գրում է, որ նախագահական ընտրությունների վերջին օրը բերման է ենթարկվել ավելի քան 90 մարդ մեծամասամբ Կազանում և Մոսկվայում։ Ընդհանուր առմամբ, ձերբակալություններ են տեղի ունեցել Ռուսաստանի 22 քաղաքներում։

Մարտի 15-ից 17-ը Ռուսաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով Վլադիմիր Պուտինը հինգերորդ անգամ հռչակվեց նախագահ՝ ստանալով ավելի քան 87,3 տոկոս ձայն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ իշխանությունները մոտ 22 մլն քվեաթերթիկ են լցրել Պուտինի օգտին. իրավապաշտպան կազմակերպություն