20 տարուց ավելի Ռուսաստանը ղեկավարող Պուտինը պարտվեց Երևանում, հաղթեց Գյումրիում, որտեղ ռուսական 102-րդ ռազմաբազան է։
Ռուսաստանի քաղաքացիների համար երեկ ընտրատեղամասեր էին բացվել Հայաստանի այս երկու քաղաքներում։ Ըստ նախնական արդյունքների՝ Պուտինը Երևանում հավաքել է քվեների գրեթե 33 տոկոսը։ Այստեղ հաղթել է «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը՝ ստանալով մոտ 50 տոկոս ձայն, իսկ Գյումրիում Պուտինն առաջատարն է՝ 58 տոկոսով։
Պատերազմից հետո Հայաստան տեղափոխված պրոդյուսեր Սերգեյ Ցելիկովը չի հավատում այս թվերին, ասում է՝ ռուսական բռնատիրական ռեժիմը մերժած ու իրենց հայրենիքը լքած մարդիկ ժամերով հերթ էին կանգնել մի նպատակով՝ «ոչ» ասել Պուտինին։
«Երեկ հսկայական հերթ էր. նրանց մեջ կլինեն, իհարկե, Պուտինի համար քվեարկողներ, սակայն 8 ժամ հերթ կանգնել էին այն մարդիկ, ովքեր ցանկանում էին, որ իրենց ձայնը լսելի լինի։ Եվ ես վստահ եմ, որ այդ հերթի մեջ կանգնած մարդկանց 95 տոկոսը Պուտինի դեմ էր։ Այս թվերին ես չեմ հավատում», - ասաց Ցելիկովը:
Գյումրիում մեկ տեղամաս բացվել էր հյուպատոսարանում, ևս երեքը՝ ռուսական 102-րդ ռազմաբազայում։ «Ազատության» զրուցակիցները նաև սրանով էին բացատրում՝ ինչպես Պուտինը 50 տոկոսից ավելի ձայն հավաքեց Հայաստանի երկրորդ քաղաքում։ Մինչդեռ երեկ երկարուձիգ հերթերի մեջ ՌԴ քաղաքացիները չէին վախենում և տեսախցիկի առջև խոստովանում էին՝ համաձայն չեն այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում իրենց երկրում։
Գյումրիի ընտրական տեղամասի մոտ "Голосуй за рубежом" շարժման մի խումբ կամավորներ երեկ էքզիթ փոլ էին իրականացնում, որպեսզի քվեարկության ավարտից հետո հրապարակված տվյալները համեմատեն։ Համակարգող Ալյոնա Լակոմկինան այսօր արդեն «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց՝ պաշտոնական թվերն իրենց էքզիթ փոլի հետ չեն համընկնում։
«Ցավոք, չեն համապատասխանում մեր տվյաների հետ։ Մենք հարցում ենք արել 690 ընտրողների շրջանում՝ համարում ենք, որ սա մասնակիցների գրեթե 90 տոկոսն է, քանի որ ընտրողների թիվը չի գերազանցում 900-ը։ Մենք իմացանք, սակայն, որ մոտ 1000 քվեաթերթիկ է եղել, ինչն արդեն շատ է, նաև իմացանք, որ վաղաժամ քվեարկություն է եղել, ինչն էլ երևի Պուտինին առաջին տեղ է բերել։ Բայցևայնպես, մեր տվյալներով՝ Պուտինը մոտ 20 տոկոս է հավաքել, իսկ Դավանկովը՝ 50տոկոսի սահմաններում», - նշեց Լակոմկինան:
Նրա խոսքով՝ էքզիթ փոլին հրաժարվել են մասնակցել հիմնականում երկքաղաքացիները, տարեց մարդիկ՝ բացատրելով, որ կապը Ռուսաստանի հետ դեռ պահում են:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պուտինը պարտվեց Երևանում, հաղթեց Գյումրիում«Կեսօրն առանց Պուտինի» ակցիան՝ նաև ԳյումրիումԴեռ նախքան ընտրությունները վերլուծաբանները համոզված էին, որ Պուտինը կհաղթի քվեների մեծ առավելությամբ։ Երևանում ու Գյումրիում ժամերով հերթ կանգնած ՌԴ քաղաքացիները ևս չէին կարծում, որ իրենց մասնակցությունը բան կփոխի, բայց, ընդգծում են, գոնե կիմանան, որ արել են այն ամենը, ինչն օրենքով կարող էին անել՝ Ռուսաստանի իշխանություններին դիմադրելու համար.
«Ես կգրեմ Նավալնի՝ մի քանի թեկնածուների անվան դիմաց, իսկ Պուտինի անվան դիմաց ես կգրեմ՝ մարդասպան»:
«Ով ուզում է լինի, միայն ոչ Պուտինը»:
«Բոլորն, իհարկե, մի քիչ վախենում են։ Բայց ընտրությունները միակ իրավական հնարավոր ճանապարհն են մեր դիրքորոշումը ցույց տալու համար»:
«Մենք գոնե պետք է ցույց տանք, որ չենք վախենում օրինական ճանապարհով ցույց տալ մեր բողոքը։ Դա ոչ միայն հնարավորություն է, այլև՝ մեր սուրբ պարտքը»:
Հավաքվածներն ասում էին նաև, թե կվերադառնան Ռուսաստան այն ժամանակ, երբ ավարտվի պատերազմն ու իշխանությունը փոխվի, հասկանալով՝ դժվար թե դա արագ տեղի ունենա։
Պրոդյուսեր Սերգեյ Ցելիկովի հույսերը մշուշոտ են. - «Ինձ շատ դժվար է պատկերացնել՝ ինչպես եմ վերադառնալու Ռուսաստան, որովհետև ամեն դեպքում Պուտինի աջակցությունը շատ մեծ է։ Ես դեռ չեմ պատկերացնում՝ ինչպես պետք է շփվեմ այն մարդկանց հետ, որ դեռ բռնապետին են աջակցում»։
Իհարկե, մի օր պուտինյան ռեժիմը գուցե փլուզվի, ասում էին Հայաստանում ապաստանած ռուսները, բայց ամեն անգամ իրականությունը թևաթափ է անում։