Նամակներ Գյումրիից Ռուսաստանի քաղբանտարկյալներին

«Բարև, Լեռա՛, քեզ գրում եմ Հայաստանից։ Քո գործի մասին իմացել եմ լրատվամիջոցներից ու վաղուց ուզում էի քեզ նամակ գրել։ Հիմա «Նամակ քաղբանտարկյալներին» երեկոյին այդ հնարավորությունը ստեղծվեց։ Շատ եմ ուզում ինչ-որ կերպ քեզ աջակցել, քաջալերել։ Վերջերս կարդացի մայրիկիդ հարցազրույցը։ Նա շատ ուժեղ ու համարձակ է։ Կարծում եմ՝ այդպիսի աջակցությամբ դու ամեն ինչ կհաղթահարես...»։

Սա վեց տարվա բանտարկության դատապարտված Վալերիա Զոտովային ուղարկված նամակից մի հատված էր։ 21-ամյա Զոտովան արդեն մեկ տարի բանտում է, մեղադրվում է ինչ-որ ադմինիստրատիվ շենքի հրկիզման փորձի համար, որն, ըստ իրավապաշտպանների, այդպես էլ չի ապացուցվել։

Ռուսական իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ արդեն շուրջ 20 հազար մարդ է կալանավորվել պարզապես պատերազմին դեմ արտահայտվելու համար։ Նրանց նամակներ գրելու նախաձեռնությունը Երևանում գործող Letters of freedom կազմակերպությանն է։

Գյումրիում հաստատված ռուսները երեկ երեկոյան հերթական նամակներն ու բացիկներն ուղարկեցին իրենց բանտարկված հայրենակիցներին։ Ծրարներն ուղարկվում են Ռուսաստան, ապա կամավորները դրանք հասցնում են բանտեր։ Երբեմն նաև քաղբանտարկյալներից պատասխան են ստանում։ Դրանք հրապարակվում են Letters of freedom կազմակերպության սոցիալական հարթակներում։

«Ազատության» զրուցակիցը, որին չենք ներկայացնում անվտանգության նկատառումներով, քաղբանտարկյալներից որևէ մեկին չի ճանաչել։ Ալեքսեյ Գորինովի հետ ծանոթացել է նամակագրությամբ։ Վերջինս Մերձմոսկվայում քաղաքային պատգամավոր էր և յոթ տարվա ազատազրկման է դատապարտվել պատերազմին հրապարակավ դեմ արտահայտվելուց հետո. - «Նա մանկական նկարչական մրցույթի քննարկումներին ասել է, որ պատերազմի ժամանակ չի կարելի պատերազմի թեմայով մանկական նկարչական մրցույթ անցկացնել»։

Բացիկներից մեկը հասցեագրված էր քաղբանտարկյալ Գրիգորի Մելքոնյանցին. - «Հարգելի՛ Գրիգորի, բարևներ Հայաստանից Գյումրի քաղաքից։ Այսօր Ռուսաստանում սկսվեցին ընտրությունները, բայց այն մեր մոտ կլինի հին ժամանակների պես մեկ օրում մարտի 17-ին։ Դիտորդներ տեղամասերում չեն լինի, բայց մենք կկազմակերպենք էքզիթ պոլ Երևանում դեսպանատան, Գյումրիում հյուպատոսարանի մոտ։ Հիմա քննարկում ենք բոլոր մանրամասները արդեն զգուշացրել ենք ոստիկանությանը, որ մեզ պաշտպանեն։ Պահպանեք ձեզ»։

Մի նամակ էլ ուղարկեցին 70-ամյա ուկրաինացի Գալինա Պավլովնային, ում տատիկ են ասում։

«Նրան 12 տարվա ազատազրկման են դատապարտել, այն դեպքում, երբ որևէ ապացույց չկար։ Նրան մեղադրեցին, թե համագործակցել է Ուկրաինայի հետ, ինչ-որ տեղեկություններ է փոխանցել։ Գործը գաղտնի է, և իրավապաշտպանները կարծում են, որ նրան բանտարկել են իր քաղաքական հայացքների համար», - ասում է «Ազատության» զրուցակիցը։

Եղել են դեպքեր, երբ նամակների պատասխաններից հասկացել են, որ կա՛մ քաղբանտարկյալները չեն եղել պատասխանողները, կա՛մ խիստ վերահսկողութան տակ են գրել։ Ոմանց ձեռագրերն էլ արդեն ճանաչում են։ Քաղբանտարկյալներին նամակներ ուղարկողները ցանկանում են նրանց հույս տալ, որ մենակ չեն։

«Սա աջակցություն է, պետք է իմանան, որ քեզ հիշում են, քեզ չեն մոռանում, որ կան քեզ հասկացող մարդիկ։ Սովորաբար, երբ քաղբանտարկյալները պատասխանում են, նրանք միշտ ասում են, որ սա իրենց համար շատ բան է նշանակում։ <>

Մարդիկ սպասում են նամակներին, սպասում պատասխանելու հնարավորությանը, իրենց մտքերն արտահայտելուն։ Հնարավոր է` խցում միշտ չէ, որ կլինի մեկը, ում հետ կարող են խոսել իրենց հետաքրքրող թեմաներից։ Սկզբունքորեն նաև քաղաքականությունից կարելի է գրել, եթե ինչ-որ խիստ բառեր չես օգտագործում իշխանության դեմ»։

Այս անգամ Գյումրիից Ռուսաստանի հեռավոր բանտեր 50 ծրար ուղարկվեց։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.