Ռուսաստանում նախագահական ընտրությունների երկրորդ օրն է

«Ընտրությունները» զավթված տարածքներում, Դոնեցկ, արխիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններին քվեարկության երկրորդ օրը մասնակցությունը Մոսկվայի ժամանակով ժամը 13:30-ին կազմել է 40.05 տոկոս։

Քվեարկությունը մեկնարկել է երեկ և կավարտվի կիրակի օրը: Ռուսաստանի ԿԸՀ-ն հայտնել է, որ նախնական արդյունքները կհրապարակի երկուշաբթի օրը՝ մարտի 18-ին՝ օրվա առաջին կեսին:

Նախագահի պաշտոնի համար պայքարում են չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից, Նիկոլայ Խարիտոնովը Կոմունիստական կուսակցությունից, Վլադիսլավ Դավանկովը «Նոր մարդիկ» (Новые люди) կուսակցությունից և ինքնառաջադրված Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի գործող նախագահը հինգերորդ անգամ է առաջադրվել: Նա 2000 թվականից է ղեկավարում Դաշնությունը: Ենթադրվում է, որ նա քվեների մեծ առավելությամբ կհաղթի առաջին փուլում:

Ռուսաստանի կողմից զավթված ուկրաինական բնակավայրերում «ընտրություններն» ավելի վաղ են սկսվել: Կիևը և արևմտյան երկրները հայտնել են, որ չեն ճանաչելու դրանց արդյունքները:

Ռուսաստանում և արտերկրում իրավապաշտպանները ոչ մրցակցային և ոչ դեմոկրատական են համարում ռուսաստանյան ընտրությունները, նշելով, որ Կրեմլը բիրտ միջոցներով լռեցնում է բոլոր ընդդիմադիրներին և անկախ քաղաքական ու հանրային գործիչներին: