Երևանի Կոնսերվատորիան «Ակադեմիական քաղաք» տեղափոխելու՝ Կառավարության նախաձեռնության դեմ ստորագրահավաքն այսօր ամփոփվեց։ 3 հազարից ավելի ստորագրություն թղթի վրա արդեն կա, մնում է հաշվել օնլայն քվեարկության արդյունքները։
Բուհի հանրային կապերի պատասխանատու Օլյա Նուրիջանյանն ասում է՝ մի քանի օրվա ընթացքում ոչ միայն ուսանողները, դասախոսները, այլ նաև Կոնսերվատորիայի բարեկամները միացան բողոքի այս ակցիային։
Կառավարությունը ծրագրում է «Ակադեմիական քաղաք» կառուցել երևանի 17-րդ թաղամասի հարակից հատվածում, այնտեղ բուհերը մի քանի կլաստերներում են կենտրոնացվելու։ Նախաձեռնությանն ընդդիմացողները հակադարձում են՝ Երևանի կենտրոնում գտնվող Կոնսերվատորիան իր շրջակայքով արդեն իսկ առանձին ու վաղուց ձևավորված մշակութային կլաստեր է։
«Պատրաստ է, կա Օպերայի դահլիճը, Ֆիլհարմոնիայի դահլիճը, Չայկովսկու երաժշտական դպրոցը, Սայաթ-Նովա և այլն», - նշում է Չայկովսու և Սարյանի անվան երաժշտական դպրոցներում ջութակ դասավանդող Սուսաննա Արմենակյանը։
Նա չի ընդունում բացատրությունները, թե քաղաքը կբեռնաթափվի, երթևեկությունը կթեթևանա, եթե ուսանողությունը կենտրոնից դուրս գա. - «Ամենալավ առաջարկը, որ կառավարությունը, Ազգային ժողովը, նախարարությունները հավաքեն իրենց «բոլոր գործերը» և գնան քաղաքից դուրս, ուզում է Աշտարակի ձոր, չգիտեմ որտեղ, գնան, բեռնաթափեն քաղաքը, քաղաքը թողնեն մեզ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինչև «Ակադեմիական քաղաքը» չկառուցվի, որևէ բուհ չի տեղափոխվի. Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեՍտորագրահավաքը բուհի ուսխորհրդի նախաձեռնությունն էր։ Ուսանողներից Նարեկն ու Սյուզաննան ասում են՝ հիմա մշակում են պայքարի հաջորդ քայլերը. - «Այդ որոշումը կայացվել է փաստորեն մի քանի հոգու կողմից նախարարությունում, որը չի քննարկվել լայն շրջանակների հետ, մասնավորապես երաժիշտների, Կոնսերվատորիայի հետ, այդ մասին նամակ է ուղարկվել ռեկտորի կողմից, որի պատասխանը դեռ չենք ստացել»։
Կրթութան գիտության նախարար Ժաննա Անդրեասյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասաց՝ սիրով լսում են բոլոր կարծիքները, բայց փոփոխությունն արդեն օրենքի ուժ ունի։
«Մենք շատ պատրաստակամ ենք, սա բարդ գործընթաց է, շատ բազմաշերտ գործընթաց է, պարզ է, որ շատ բան պիտի հաշվի առնվի։ <> Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը հաստատված է Ազգային ժողովի կողմից, որտեղ ֆիքսված է մեր թիրախը, թե մենք պետական ֆինանսավորմամբ քանի բուհ պետք է ունենանք»։
«Մինչև այդ օրենքն ընդունելը պետք էր շատ կշռադատել, մտածել», - ասում է մեծանուն օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը։
Նրա կարծիքով՝ սա ընդամենը շենքի փոփոխություն չէ, պայմաններ բարելավելու հարց չէ, սա պատմության պահպանման համար պայքար է։
«Այս շենքն այնպիսի մարդկանց ոտնահետքեր է կրում, չեմ հավատում, որ սա կարող է իրականանալ։ Չի երևում հստակ ծրագիրը, չի երևում՝ դեպի ուր են գնում իրենք։ Ինչ-որ տեղ նաև վստահ եմ, որ սա երևի այդ կայծն է լինելու, որին իրենք չեն կարողանալու դիմակայել։ Մի տեսակ անթույլատրելի սահման է սա», - նշեց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստորագրահավաք Կոնսերվատորիայում՝ բուհն Ակադեմիական քաղաք տեղափոխելու ծրագրերի դեմ«Ակադեմիական քաղաքը» բաղկացած է լինելու 6 ուղղություններից՝ կրթական, արվեստների, տեխնոլոգիական, դասական, բժշկական և սպայական։ Կոնսերվատորիան տեղափոխելու շուրջ քննարկումներն ակտիվացան, երբ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը բուհերին ուղարկեց ավանի տարածքում ձևավորվող աշխատանքային խմբերի կազմը։ Ըստ այդ փաստաթղթի՝ արվեստների կլաստերում Կոնսերվատորիային են միանալու Գեղարվեստի ակադեմիան, Թատերականը ու մի քանի մշակութային կառույցներ։
Մի քանի օր առաջ «Ակադեմիական քաղաքում» այլ բուհերի հետ միավորվելուն դեմ էր արտահայտվել նաև Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը։ Թատրոնի և կինոյի ինստիտուտում դեռ սպասողական վիճակ է։
Բուհի հանրային կապերի պատասխանատու Վովա Արզումանյանի խոսքով՝ առաջիկայում քննարկումներ կսկվեն դասախոսների և ուսանողների հետ և նոր միայն կհայտնեն վերջնական դիրքորոշումը։
«Դեռ չի լինի ինչ-որ բողոքի ալիք, որովհետև ուսանողները զբաղված են իրենց ավարտական ներկայացումների բեմադրություններով, ավարտական աշխատանքները նկարահանելով։
Չկա հստակ պատկերացում կլաստերի կառուցվածքի շուրջ, թե ինչ հիմունքներով են միավորվելու», - ասաց նա։
Հստակ չէ՝ երբ լիարժեք կսկսի գործել «Ակադեմիական քաղաքը»։ Թեև կրթության նախարարը 2030 թվականի մասին է խոսում, ավանի կառուցման գլխավոր հատակագիծը կազմած գերմանական ընկերության ներկայացուցիչը լրիվ այլ ժամկետ էր նշել՝ 15-20 տարի անց։