«Հուսով ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն», - Բաքվում, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։
Դարչիաշվիլին ընդգծել է, որ Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցությանը՝ շեշտելով Թբիլիսին պատրաստ է նպաստելու տարածաշրջանում խաղաղությանն և կառուցողական համագործակցությանը։
«Մենք հուսով ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կհասնեն համաձայնության և խաղաղության պայմանագիր կստորագրեն, որը շրջադարձային կլինի տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության համար»,- ասել է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Այսօր Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների 9-րդ եռակողմ հանդիպումն էր, որն այս անգամ տեղի ունեցավ Բաքվում։ Նման ձևաչափով հանդիպումների հիմքը դրվել է 2012 թվականի հունիսին Տրապիզոնում:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ասել է, որ համագործակցության այս ձևաչափը նպաստում է տարածաշրջանային կայունությանը։
Ըստ ադրբեջանական կողմի՝ հաջորդ եռակողմ հանդիպումը կկայանա Թուրքիայում։ Ժամանակացույցը դեռ չի հստակեցվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ակնկալում ենք համընդհանուր աջակցություն Զանգեզուրի ուղու բացմանը»․ Ֆիդան