Եվրամիության (ԵՄ) երկրները սկզբունքորեն համաձայնեցրել են այս տարվա ընթացքում Ուկրաինային առնվազն 5 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրելու ծրագիրը, երեկ ասել է ԵՄ-ում 2024 թվականի առաջին կիսամյակում նախագահող պետության՝ Բելգիայի կառավարության խոսնակը:
«Ուկրաինան կստանա այն զենքն ու զինամթերքը, որն անհրաժեշտ է ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար»,- ասվում է Բելգիայի հաղորդագրությունում:
Վերջնական որոշումը պետք է հաստատվի Եվրոպական միության արտաքին գործերի նախարարների մարտի 18-ին Բրյուսելում կայանալիք ժողովում:
Deutsche Welle գերմանական ռադիոկայանի փոխանցմամբ՝ ԵՄ երկրները պայմանավորվել են բարեփոխել Խաղաղության եվրոպական հիմնադրամը և ավելացնել դրա միջոցները: Դա թույլ կտա ֆինանսավորել Ուկրաինայի համար սպառազենի և զինամթերքի գործարքները և մասնակի փոխհատուցում ստանալ Կիևին երկկողմ հիմունքներով տրամադրվող ռազմական օգնության համար։