ՀՀ-ում բնակվող ռուսների մի մասը չի մասնակցի ընտրություններին, մյուսն էլ քվեարկության հարցում երկընտրանքի առաջ է

Պատերազմից հետո Հայաստանում հաստատված Ռուսաստանի շատ քաղաքացիներ չեն մասնակցի մարտի 17-ին կայանալիք ընտրություններին։ Թեև կարող են օրինակ՝ Գյումրիի հյուպատոսարանում բացվող տեղամասում միջազգային անձնագրով քվեարկել, բայց շատերը հենց այդ անձնագիրը չունեն։ Հայաստան Ռուսաստանի քաղաքացիները իրենց ներքին անձնագրով են մուտք գործում։

«Ցավոք, չունեմ այդպիսի հնարավորություն, որպեսզի արտերկրում քվեարկեմ, անհրաժեշտ է վավերական միջազգային անձնագիր, իմ անձնագիրը պատրաստ չէ։ Եթե ունենայի, ապա կքվեարկեի», - ասաց ՌԴ քաղաքացիներից մեկը։

«Ազատության» զրուցակիցները, որոնց անուններով չենք ներկայացնում անվտանգության նկատառումներով, ասում են՝ քանի որ հայրենիքը հապշտապ են լքել, շատերը չեն հասցրել միջազգային անձնագիր ստանալ կամ դրա վավերականությունը երկարացնել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 2024-ի մարտի 17-ին Ռուսաստանում նախագահ կընտրեն


Հայաստանում հաստատված ռուսները կարող են նաև էլեկտրոնային տարբերակով իրենց տեղամասի հաշվառումից դուրս գալ ու գրանցվել օրինակ՝ Գյումրիի հյուպատոսարանում։ Ոմանք խուսափում են այդ տարբերակից. - «Ես չեմ ուզում գրանցվել պետական ծառայությունում, որոշել եմ պետությանը տեղյակ չպահել, որ Ռուսաստանում չեմ ու չեմ էլ գրանցվի հյուպատոսարանում»։

Էլեկտրոնային ամրագրումից օգտվողներ էլ կան ու կարծում են՝ տեղամասում խնդիրներ չեն լինի։

«Ես կգնամ, կքվեարկեմ Գյումրիի հյուպատոսարանում։ Նախապես դիմում եմ գրել, որ ինձ հանեն իմ ընտրական տեղամասից ու ամրագրեն այստեղի տեղամասում։ Դա շատ հեշտ ու հարմար է։ Բայց անհրաժեշտ էր ռուսական VPN, քանի որ պետական ծառայությունները չեն բացվում արտերկրի ինտերնետով` չգիտեմ ինչու», - ասաց մյուսը։

Կան նույն գործընթացն անցածներ ընտրողներ, բայց վստահ չեն, որ կկարողանան առանց խնդիրներ քվեարկել։

«Ազատության» զրուցակիցներն ասում են՝ քվեարկությանը մասնակցելուց կխուսափեն նրանք, ովքեր ՌԴ-ում հետախուզման մեջ զինծառայությունից խուսափելու համար կամ արդեն հեռավար դատապարտվել են։ Եթե նրանց նույնականացնեն, կարող են ձերբակալել, Ռուսաստան տանել ու բանտարկել, ինչպես վերջերս եղավ պատերազմից խուսափած ռուս պայմանագրային Դմիտրի Սետրակովի հետ։ Այս դեպքից հետո ռուսներն ավելի զգուշավոր են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետը հայտարարել է՝ անհանգստացած է Սետրակովի հետ տեղի ունեցածից և հիմա հետաքննություն է անցկացվում


Իսկ նրանք, ովքեր ուզում են քվեարկել, երկընտրանքի առաջ են՝ ինչ որ մեկին ձայն տալ, թե քվեաթերթիկն անվավեր դարձնել։ Բայց, ասում են՝ Պուտինի օգտին միանշանակ չեն քվեարկելու։

«Պուտինի օգտին չեմ քվեարկի: Հիմա մեզ մոտ ակտիվ քննարկում է ընթանում չաթում՝ Դավանկովի օգտին քվեարկել, թե բոլորին դեմ։ Ես երկրորդ տարբերակին եմ հակված», - ասում է քաղաքացիներից մեկը։

Մարտի 17-ին ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Գյումրիում ռուսները ակցիա կանեն ընդդեմ Պուտինի. - «Ինչպես Նավալնիի թիմում է, ամսի 17-ին՝ ժամը 12-ին, պետք է գալ տեղամաս ու ցույց տալ, որ մենք Պուտինին դեմ ենք։ Դա այդպիսի ակցիա է՝ «Կեսօրը Պուտինի դեմ», որպեսզի մարդիկ, ովքեր հերթերում են, ծանոթանան ու հասկանան՝ իրենք մենակ չեն և քվերակեն Պուտինի դեմ կամ քվեաթերեթիկը փչացնեն»։

Հեռավար քվեարկությունը ևս, ըստ «Ազատության» զրուցակիցների, հենց Պուտինի համար ձայներ ապահովելու համար է. - «Ես կարծում եմ՝ Պուտինը ոչ միայն կհաղթի, այլ նաև այնպիսի թիվ կնկարեն, որ կծածկի նախկին վարկանիշը, քանի որ պատերազմ է ընթանում, և դիկտատուրայում պետք է անպայման դեռ մի բան էլ ավելի տոկոս խփել, այսինքն՝ 80 տոկոս, 86.... ես չգիտեմ՝ որքան կնկարեն»։

Հետընտրական Ռուսաստանում Պուտինի հերթական հաղթանակից հետո վերադարձի ճանապարհ չեն տեսնեում։ Կարծում են՝ ավտորիտար Ռուսաստանում իրավիճակն ավելի կվատանա, սահմանափակված ազատություններն էլ ավելի կսահմանափակվեն։