Դելիմիտացիա-դեմարկացիա երևույթը նրա համար է, որ հստակ ընդգծվի այն սահմանագիծը, որից այս կողմ Հայաստան է, այն կողմ Ադրբեջան է, լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Տավուշի մարզում ո՞րն է այդ սահմանագիծը, հարցին նախարարը հստակ չպատասխանեց, նշեց. - «Կա որոշակի սահմանագիծ, բայց սահմանազատման հանձնաժողովները պետք է աշխատեն հասկանալ՝ որ քարտեզով են աշխատում, այն իրավական հիմքը, որով այդ գիծը հստակ կգծվի»։
Նախարարը, սակայն, ասաց, որ Տավուշի 4 գյուղերը, որոնք Ադրբեջանը պահանջում է, Հայաստանի վարչական տարածքում չեն գտնվում, միևնույն ժամանակ տեղեկացրեց՝ հայկական կողմն էլ 31 գյուղերի կենսական նշանակության տարածքներն է շարունակում պահանջել։
Լրագրող. - Ըստ մեր վարչատարածքային բաժանման՝ այդ (չորս) գյուղերը մեզ ե՞ն պատկանում, մեր վարչատարածքային բաժանման մեջ են, թե՞ ոչ:
Գնել Սանոսյան. - Ոչ։ Ասում եմ՝ Հայաստանի 29.800 հազարի մասին չէ խոսքը։
«Ազատություն». - Պարո՛ն նախարար, երբ վարչապետը խոսում էր ենթակառուցվածքների մասին, դա միայն ճանապարհի՞ մասին էր՝ դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհի, թե նաև գազատարի։
Գնել Սանոսյան. - Ընդհանուր աշխատանք պետք է արվի, որից կպարզվի միայն ճանապարհը, միայն գազատարը, թե կարող է այլ ինչ-որ ենթակառուցվածքի վերաբերել։
Դեռ չկան {ժամկետներ}:
«Ազատություն». - Երբ վարչապետը խոսում է ենթակառուցվածքների վերակառուցման մասին, դա նշանակո՞ւմ է, որ արդեն որոշում կա այդ չորս տարածքները կամ գյուղերը Ադրբեջանին տալու վերաբերյալ։
Գնել Սանոսյան. - Շատ մանրամասն ասուլիս էր, բոլորդ լսել եք, կարծում եմ՝ բոլորս հասկացել ենք այն, ինչ շատ պարզ ասվեց։ Կան սահմանազատման հանձնաժողովներ, որոնք ինչ-որ քարտեզ կվերցնեն որպես իրավական հիմք, այդ քարտեզով կաշխատեն, սահմանագիծը կդնեն, որից այս կողմ և այն կողմ կպարզվի՝ որն է Հայաստանը, որն է Ադրբեջանը, եթե կան ենթակառուցվածքներ, որոնք հատվում են, լեռնային բարձր ռելիեֆ է այնտեղ, այդ ենթակառուցվածքները կվերակառուցվեն»։
«Ազատություն». - Այդ դեպքում ինչո՞ւ է վարչապետը շտապում ասել, որ այդ չորս գյուղերը Հայաստանի տարածքում չեն։
Գնել Սանոսյան. - Ինչքան էլ աշխատանքներն ավարտված չեն, բայց կան աշխատանքներ, այսինքն՝ ինչ-որ աշխատանքներ են արել, կան որոշակի քարտեզներ, որոնցում ինչ-որ բան է երևում։
«Ազատություն». - Ինչո՞ւ նույն հետևողականությամբ երեկ վարչապետը չխոսեց այն 31 գյուղերի մասին, Հայաստանը շարունակո՞ւմ է պահանջել 31 գյուղերի տարածքները Ադրբեջանից։
Գնել Սանոսյան. - Իհարկե, խոսքը նրա մասին է, որ սահմանագծման-սահմանազատման հանձնաժողովները ինչ-որ մի հատվածից կսկսեն ու ամբողջ սահմանի երկայնքով կաշխատեն։
Վարչապետ Փաշինյանը երեկ հայտարարել էր, թե Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։ Այսօր էլ հայտարարեց, որ Երևանը պատրաստ է գնալ հատվածական դելիմիտացիայի՝ չբացառելով, որ գործընթացը սկսվի հենց Տավուշի մարզից։
Սակայն, երեքուկես ժամ տևած ասուլիսում Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի տարածքների, այդ թվում՝ 31 գյուղերի տարածքների վերադարձի շուրջ վարչապետը որևէ հստակ հայտարարություն չէր արել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հիմա քննարկում պետք է գնա, թե մեր Արծվաշենն ինչի հետ պիտի փոխվի». Գագիկ Մելքոնյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փոխվարչապետի գրասենյակ. Բաքուն չի ընդունում ՀՀ 31 բնակավայրերի տարածքների օկուպացիայի փաստը