Եվրախորհրդարանի այսօրվա նիստին քվեարկության է դրվել ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի սերտացման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձև։
Փաստաթուղթը, որը հեղինակել է Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունը ներկայացվում է որպես բոլոր խմբակցությունների համատեղ նախաձեռնություն։
Բանաձևի նախագծում Եվրախորհրդարանի պատգամավորները մասնավորապես առաջարկում են դիտարկել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։
«Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,- ասված է Եվրամիության օրենսդիր մարմնի պատգամավորների համատեղ բանաձևի նախագծում։
Պատգամավորները կոչ են անում Եվրոպական դաշինքի գործադիր իշխանություններին՝ Հանձնաժողովին և Խորհրդին, ակտիվորեն աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման գործում՝ ոչ միայն տնտեսական գործընկերության, այլ նաև քաղաքական երկխոսության, անվտանգության, մարդկանց միջև շփումների, սեկտորային ինտեգրման ոլորտներում։
Բանաձևի քվեարկությունը նախատեսված է աշխատանքային օրվա ավարտին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը պետք է մտածի ԵՄ-ին անդամակցելու թեկնածու դառնալու հնարավորության մասին. ԱԺ նախագահ