Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները տեղյակ են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ երեկ հնչեցրած հայտարարություններին, այդ առթիվ՝ պատրաստվում են հավելյալ շփումներ նախաձեռնել պաշտոնական Երևանի հետ։
«Իհարկե մենք լսել ենք [Փաշինյանի] հայտարարությունները։ Կասկած չկա, որ մեծածավալ աշխատանք պետք է իրականացվի։ Հայ գործընկերների հետ շփումներ մեզ անհրաժեշտ են թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում, թե՛ երկկողմ մակարդակում։ Հստակեցումներն ու խոսակցությունները լինելու են [Հայաստանի] վարչապետի հայտարարությունների կոնտեքստում», - նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։
Երեկ Փաշինյանը, սեղանից վերցնելով և ցույց տալով Հայաստանի մակետը, հայտարարեց՝ Հայաստանում ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին. եթե այս հարցի պատասխանն այժմ էլ հնչի և համապատասխանի հայկական կողմի պատկերացումներին, կնշանակի՝ ռազմական դաշինքի հետ խնդիրները լուծված են։ Հակառակ դեպքում վարչապետը դարձյալ զգուշացրեց. - «Եթե ոչ, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Երբ՝ չեմ կարող ասել»։
Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը նշեց՝ որ դեպքում կլուծվեն ՀԱՊԿ-ի հետ խնդիրները, հակառակ պարագայում «ՀՀ-ն դուրս կգա»