Անկարայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սպասում են մարտի 31-ին Թուրքիայում նախատեսված ավագանու ընտրություններից հետո, երեկ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։
«Ընտրություններից հետո մենք կընդունենք Ռուսաստանի նախագահ Պուտինին»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ ելույթ ունենալով Անկարայում։
Նրա ելույթը հեռարձակել է TRT World հեռուստաալիքը։
Ընդգծելով, որ օրեր առաջ էլ ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ Էրդողանն ասել է․ - «Մենք մեր աջակցությունը հայտնեցինք Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, մենք նաև հայտարարեցինք՝ Ռուսաստանին բացառող խաղաղության ծրագրերը արդյունք չեն տա»։
Թուրքիայի նախագահը շեշտել է՝ երկխոսությունը շարունակվում է սևծովյան երկու հարևան երկրների հետ։
«Ուրբաթ օրը Ստամբուլում ընդունեցինք Ուկրաինայի նախագահ պարոն Զելենսկուն, իսկ ընտրություններից հետո կընդունենք Ռուսաստանի նախագահ պարոն Պուտինին։ Մենք աշխատում ենք Սև ծովում անվտանգ նավարկությունը վերականգնելու և հացահատիկի անվտանգ առևտուրն ապահովելու ուղղությամբ։ Պետք է խուսափել տարածաշրջանում հակամարտությունների սրմանը հանգեցնող ցանկացած քայլից։ Առաջնորդվելով հետևյալ կարգախոսով, որ «Պատերազմը չունի հաղթողներ, իսկ խաղաղությունը՝ պարտվողներ», մենք շարունակում ենք մեր ջանքերը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ», - ասել է Էրդողանը։
Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ Պուտինը Թուրքիա կմեկնի փետրվարի 12-ին և սա կլինի նրա առաջին այցը ՆԱՏՕ-ի անդամ պետություն՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժման մեկնարկից ի վեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան Էրդողան-Պուտին սպասվող հանդիպման օրակարգից որոշ մանրամասներ է հաղորդել