Եթե ընտրությունները հաջորդ կիրակի անցկացվեն, ՔՊ-ին ձայն կտա 17 տոկոսը. ՄՀԻ հարցում

Հարցվածների 50 տոկոսը կարծում է՝ Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ

Վերջին կես տարվա ընթացքում կառավարության ամենամեծ ձախողումը Արցախի կորուստը համարող հայաստանցիների 50 տոկոսը կարծում է՝ երկիրն ընդհանուր առմամբ շարժվում է ճիշտ ուղղությամբ, 39 տոկոսը, որ՝ սխալ։ Սա Միջազգային հանրապետական ինստիտուտի դեկտեմբերին անցկացված հարցման տվյալներն են։

Հարցվածների 36 տոկոսն է կառավարության նախորդ կես տարվա ամենամեծ ձախողումը Արցախի կորուստը համարել։ 10 տոկոսը կարծում է՝ Փաշինյանի կաբինետն ուղղակի անսխալական է՝ ոչ մի ձախողում չի ունեցել։

Իսկ որպես կառավարության կես տարվա ամենամեծ ձեռքբերում ամենաշատը նշել են բազմավեկտոր արտաքին քաղաքականության անցումը՝ 17 տոկոսը։ 28 տոկոսը գտնում է՝ կառավարությունը 6 ամսում ձեռքբերում չի ունեցել։

Հայաստանի հիմնական խնդիրը մարդիկ համարում են անվտանգությունն ու սահմանային իրավիճակը՝ դա հարցվածների 47 տոկոսի կարծիքն է։

Համեմատության համար՝ անցած հունվար-մարտին անվտանգության խնդիրներով 13 տոկոսով ավելի շատ մարդ է անհանգիստ եղել։

Մինչև ամառ մարդիկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունից նախ բանակի հզորացում են ակնկալում՝ 18 տոկոսը, ապա՝ խաղաղության հաստատում՝ 17 տոկոսը, նաև՝ արտաքին քաղաքականության ռազմավարության վերանայում՝ այլ երկրների հետ հարաբերությունների ստեղծում, բարելավում, երկրի անվտանգության, սահմանների պաշտպանության ապահովում՝ 14-ական տոկոս։ Կառավարության հրաժարականին 5 տոկոսն է սպասում։

Եթե ընտրությունները հաջորդ կիրակի անցկացվեին...

Ամենավստահելի քաղաքական գործիչների ցանկը 17 տոկոսով գլխավորում է Նիկոլ Փաշինյանը։ Նրա վարկանիշն, ի տարբերություն 23-ի սկզբին անցկացված հարցումների, ավելացել է 3 տոկոսով։ Օրինակ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վստահության վարկանիշն անփոփոխ է՝ երկու տոկոս։ 60 տոկոսը՝ հարցվածների ամենամեծ խումբը, սակայն, ոչ ոքի չի վստահում։

Եթե ընտրությունները հաջորդ կիրակի անցկացվեն, պատերազմից հետո քվեների շուրջ 54 տոկոսը ստացած «Քաղաքացիական պայմանագրին» պատրաստ է իր ձայնը տալ հարցվածների 17 տոկոսը, Փաշինյանի կուսակցություն 3 տոկոսն է նշել, «Իմ քայլը» դաշինքին (խոսքը 2018-ի խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի գլխավորած դաշինքի մասին է)՝ 3 տոկոսը:

Ամենամեծ՝ 42 տոկոսը, սակայն, պատասխանել է՝ ոչ մեկի օգտին չի քվեարկի, կփչացնի քվեաթերթիկը, չի մասնակցի քվեարկությանը։

Իշխանության մեկնաբանությունը

«Ազատությունը» «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանին հարցրեց՝ իրենց վստահություն հայտնող քաղաքացիների ցածր տոկոսն իրենց չի՞ անհանգստացնում։

«Մեծ հաշվով եթե նայենք՝ այնտեղ կար մի շատ ուրիշ կարևոր ավելի հարց, որտեղ ասում է՝ ըստ ձեզ՝ Հայաստանը շարժվո՞ւմ է ճիշտ ուղղությամբ, թե՞ ոչ, ու 50 տոկոսը, ըստ հարցման, պատասխանել է, որ ճիշտ ուղղությամբ։ Սա ինքնին ավելի մեծ ցուցիչ է՝ իմ կարծիքով, քան թե «ում կընտրեիք» հարցը։

Ինչ վերաբերում է բուն կուսակցությունների մասին հարցին, այնտեղ ակնհայտ է, որ երկրորդ տեղը զբաղեցնող քաղաքական ուժից մոտ 7 անգամ ավելի շատ վստահություն ունենք, ինչը, կարծում եմ, արտահայտում է իրական պատկերը», - պատասխանեց պատգամավորը։

Ընտրությունները հաջորդ կիրակի անցկացվելու դեպքում հարցվածների 3 տոկոսն է պատրաստ իր ձայնը տալ «Հայաստան» դաշինքին, 2-ը՝ ՀՀԿ-ին, նույնքանն էլ՝ նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանի նախկին «Հանրային ձայն» կուսակցությունը։ Նրանք հաջորդում են ՔՊ-ին։

Ընդդիմադիրները, սակայն, հրաժարվեցին իրենց վարկանշինի մասին խոսել։

Հայ - ռուսական լարվածության ֆոնին Մոսկվայի հետ հարաբերությունները շատ լավն է համարում հարցվածների 4 տոկոսը՝ ավելի քիչ մարդ, քան Ուկրաինայի դեպքում, այստեղ 6 տոկոս է։ ԵՄ-ի հետ հարաբերությունների այսօրվա վիճակը շատ է գոհացնում 25 տոկոսին։ Ինչպես Ռուսաստանի, Թուրքիայի հետ այսօրվա հարաբերությունները շատ լավ 4 տոկոսն է գնահատել։ Իսկ Հայաստանի համար ամենամեծ քաղաքական սպառնալիք Ադրբեջանին, Թուրքիային, Ռուսաստանին են համարել։