Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին հաղորդում են ԱԹՍ հարձակումների մասին

Բելգորոդ, փետրվար, 2024թ․

Մարտի լույս 12-ի գիշերը Ռուսաստանի 9 շրջաններ ենթարկվել են ԱԹՍ հարձակումների, առավոտյան էլ հրթիռներ են խոցվել Բելգորոդի շրջանում, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ հարձակումների համար մեղադրելով ուկրաինական կողմին։

Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր հերթին տեղեկացրել է, որ գիշերն անօդաչու թռչող սարքը չորս պայթուցիկ է նետել Բելգորոդի մարզ։ Ավելի ուշ նա հաղորդել է ևս մի քանի հարձակումների մասին:

Գլադկովի խոսքով՝ մեկ կին է վիրավորվել, վնասվել են նաև տներ, ճանապարհներ, մի քանի գյուղ զրկվել է էլեկտրականությունից։

Օրյոլի շրջանի իշխանությունների տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը հարվածել է Օրյոլի նավթի պահեստին, հրդեհ է բռնկվել։ Մոտակա բարձրահարկ շենքերից 17 մարդ տարհանվել է։ Հաղորդվում է նաև Նիժնի Նովգորոդի մարզի նավթի պահեստում ԱԹՍ հարվածից բռնկված հրդեհի մասին։

Ուկրաինական կողմն իր հերթին հաղորդում է, որ ռուսական զորքերը մարտի 12-ի առավոտյան հարված են Տերնոպոլի շրջանին, Կրեմենեց թաղամասի ենթակառուցվածքային օբյեկտներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։

Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից ի վեր ԱԹՍ հարվածներ են գրանցվում նաև ռուսական շրջաններում։ ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հարձակումներն իրականացվում են ուկրաինական կողմից։ Կիևը հիմնականում չի մեկնաբանում այս հաղորդումները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը և Ուկրաինան անօդաչուներով հարվածներ են փոխանակում