Ղազախստանն անկեղծ ուրախանում է Ադրբեջանի պատմական հաղթանակի կապակցությամբ. Տոկաև

Ղազախստանի և Ադրբեջանի նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաև և Իլհամ Ալիև, արխիվ

Ղազախստանն անկեղծորեն ուրախանում է Ադրբեջանի պատմական հաղթանակի և սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանության վերականգնման կապակցությամբ, հայտարարել պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Ղազախստանի և Ադրբեջանի առաջնորդներն այսօր ավելի վաղ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների միջպետական խորհրդի նիստը:

Ղազախստանի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ Բաքուն ու Աստանան քննարկում են առևտրատնտեսական, էներգետիկ համագործակցությունը, «բեկումնային ներդրումային նախագծեր»։

«Ղազախստանն Ադրբեջանի հուսալի բարեկամն ու դաշնակիցն է», - հայտարարել է Իլհամ Ալիևը՝ շնորհակալություն հայտնելով ղազախ պաշտոնակցին «Ղարաբաղի վերականգնման գործում եղբայրական աջակցության համար»։

Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ վաղը Ֆիզուլիում տեղի կունենա Ղազախստանի պետբյուջեի միջոցներով և անձամբ Տոկաևի նախաձեռնությամբ կառուցված մանկական ստեղծագործական կենտրոնի բացման արարողությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ. Տոկաև