«Գազել»-ն ու ավտոբուսը չեն կարող նույն գինն արժենալ. Երևանի փոխքաղաքապետ

Վաղը Երևանի ավագանին քննարկելու է տրանսպորտի ուղեվարձի նոր նախագիծը։ Թեմային «Ազատության» հետ զրույցում անդրադարձել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Միշտ էլ լինելու է բան անելու, դրա համար զարգացած քաղաքները համ ռեֆորմներն են իրականացնում, համ էլ բավականին հաճախ՝ տարին մեկ, երկու տարին մեկ տրանսպորտի գին են վերանայում։ Պետք չի դրան վերաբերվել որպես ահասարսուռ բան», - ասաց Գրիգորյանը։

«Ազատություն». - Այս շտապողականությունը ինչո՞վ է պայմանավորված՝ սեպտեմբերի 1-ից արդեն գործարկել փաթեթը, եթե դեռ ավարտված չեն տրանսպորտային բարեփոխումները։

Սուրեն Գրիգորյան. - Երևույթը՝ ավարտված են տրանսպորտային բարեփոխումները, գիտեք՝ ոնց որ հեռվում նշաձող լինի, որ դու ինչքան մոտենում ես, այնքան հեռանում է, այսինքն՝ տրանսպորտային բարեփոխումները ավարտված են, չեմ կարծում, որ գալու է այնպիսի մի օր, որ որևէ իշխանություն ասի՝ այսօրվանից էլ ոչ մի բարեփոխելու բան չկա։

Մեզ հաճախ 2013 թվական են վերադարձնում, որ նախաձեռնություն կար 150 դրամ սարքելու ուղեվարձը, և մենք դրա դեմ պայքարում էինք։ Հիմա ասում են՝ բա այն ժամանակ ինչո՞ւ էիք պայքարում, հիմա ուզում եք փոփոխություններ կատարել։ Որովհետև այն ժամանակ էլ, օրինակ, անկեղծ իմ պահանջը ոչ թե այն էր, որ 100 դրամն այնպիսի գին է, որ որևէ պարագայում չի կարող բարձրանալ, ես չէի հասկանում՝ ինչու պիտի «Գազելի» համար երեկ և այսօր վճարեմ 100 դրամ, վաղն էլ վճարեմ 100 դրամ։ Եվ այն ժամանակ շատ մարդիկ կային, որ ասում էին՝ տրանսպորտը փոխեք, կարելի է քննարկել գնի ավելացումը։ Հիմա տրանսպորտը փոխվել է, հիմա ասում ենք՝ չէ, էլի բան կա անելու։ Իմ ասածն էլ այն չի, որ չկա բան անելու, միշտ է լինելու բան անելու, դրա համար զարգացած քաղաքները համ ռեֆորմներն են իրականացնում, համ էլ բավականին հաճախ տարին մեկ, երկու տարին մեկ տրանսպորտի գին են վերանայում։ Պետք չի դրան վերաբերվել որպես ահասարսուռ բան։

«Ազատություն». - Տրանսպորտը փոխելը դեռ արդյունք չի կարող լինել, այսինքն՝ ավտոբուս բերելը, այն էլ ոչ բավարար քանակի դեռ չի կարող համարվել բարեփոխում։

Սուրեն Գրիգորյան. - Ես Ձեզ հետ համաձայն չեմ, որովհետև բարեփոխումը բազմակոմպոնենտ երևույթ է, եթե Դուք դիտարկում եք, որ կամ վատ է, կամ լավ է, այո, միայն ավտոբուս բերելով չենք կարող ասել, որ ամբողջությամբ լավ է, բայց քանի որ իմ կարծիքով՝ բաժանումն ուղղակի այստեղ լավի և վատի, սխալ է, այլ՝ կա վատ վիճակ, կա ավելի վատ վիճակ, կա մի քիչ ավելի լավ վիճակ, էլ ավելի լավ վիճակ, շատ լավ վիճակ, այսինքն՝ շատ երանգավորված է, և ես կարծում եմ, որ շատ ակնհայտ է, որ չի կարող համ «Գազելը», համ անգամ այս նոր «Գազել»-ները, անգամ «Ժոնգ տոնգ»-երը, անգամ և հատկապես «Man» ավտոբուսներն արժենալ նույն գինը, ուղղակի չի կարող։

Ամբողջությամբ՝ տեսանյութում.