Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Գազայի հատվածում մարդասիրական օգնություն հասցնելու համար ժամանակավոր նավահանգիստ ստեղծելու սարքավորումներն ուղարկելու մասին։
Մարտի 9-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի «General Frank S. Besson» նավը լքել է բազան և շարժվել Միջերկրական ծովի արևելյան հատված: Նավը տեղափոխում է նավահանգստի ստեղծման համար ինժեներների և սարքավորումների առաջին խմբաքանակը։
Պենտագոնի տվյալներով՝ նավահանգստի շինարարությունը կտևի մոտ երկու ամիս, դրան կմասնակցի մոտ հազար զինվորական։
Նավահանգիստը կընդունի մեծ նավեր՝ սննդամթերքով, դեղորայքով և պաղեստինցիների համար ժամանակավոր կացարանների կառուցման համար անհրաժեշտ ամեն ինչով։
Իր հերթին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իրավունք ունի պաշտպանել իր երկիրը, սակայն պետք է կանխի պաղեստինցիների մահը։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից հարձակվել են հրեական բնակավայրերի վրա:
«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրոպական միությունում ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն: