Ռուսական կողմը տեղեկացվել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների վերաբերյալ Երևանի պաշտոնական նամակի մասին, այսօր կիպրոսցի իր պաշտոնակցի հետ ասուլիսին ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Ենթադրում եմ՝ սա բավարար կլինի ռուսական կողմի համար, և հարցն այդքանով կլուծվի»,- ասաց նախարար Միրզոյանը՝ հավելելով, որ խոսքն ամբողջ փաթեթի, լիազորությունների ամբողջական կատարման մասին է. - «Հայկական կողմը ծանուցել է ռուսական կողմին, որ «Զվարթնոց» օդանավակայանում իրականացվող սահմանապահ ծառայության մեջ, ըստ էության, այլևս ռուսական կողմի աջակցության, մասնակցության կարիքը չենք զգում՝ իհարկե, շնորհակալություն հայտնելով»։
Հայաստանը պաշտոնական նամակով դիմել է ռուսական կողմին և տեղեկացրել՝ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն պետք է իրականացնեն միայն հայ սահմանապահները, խորհրդարանում երեկ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ընդգծելով, որ սա Երևանի հստակ դիրքորոշումն է:
«Ի սկզբանե ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում, այդ թվում՝ օրինակ՝ «Զվարթնոց» օդանավակայանում մտածված է եղել իբրև աջակցություն նորանկախ հայկական պետությանը և նախատեսված է այս գործառույթն իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը կունենա։ Եվ երբ Հայաստանը կունենա իր ինստիտուցիոնալ հնարավորությունները, այդ գործառույթը, բնականաբար, ամբողջությամբ կիրականացնի Հայաստանն իր պատկան մարմինների միջոցով», - այսօր նշեց արտգործնախարարը։
Նրա խոսքով՝ Հայաստանը հիմա ինստիտուցիոնալ առումով ի զորու է օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը։
Նախարարը, սակայն, չհստակեցրեց, թե երբ է ծանուցումն արվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ-ն ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն հայ սահմանապահներ մնան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ հարցումներ չեն եղել․ Պեսկով ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մենք մեր սահմանները կպաշտպանենք». ըստ ԱԺ նախագահի՝ ճիշտ կլինի ռուս սահմանապահների դուրս գալը «Զվարթնոց»-ից