Երեկ երեկոյան Ադրբեջանում ևս 9 տեղացի լրագրողներ են բերման ենթարկվել։ Նրանք բոլորը համագործակցում էին համացանցային անկախ Тoplum TV հեռուստաալիքի հետ։
Լրագրողներից բացի երեկ բերման են ենթարկվել ևս երեք քաղաքացիական ակտիվիստներ։ Այս մասին նրանց հարազատները տեղեկացրել են «Ազատություն» ռադիոկայանի և BBC-ի ադրբեջանական ծառայություններին։
Լրատվամիջոցների փոխանցմամբ, ձերբակալությունները իրականացվել են Тoplum TV-ի գրասենյակում և աշխատակիցներից մի քանիսի բնակարաններում ողջ օրը շարունակված խուզարկություններից հետո։
APA գործակալության փոխանցմամբ, ձերբակալվաներից առնվազն երկուսի՝ քաղաքացիական ակտիվիստ Ակիֆ Ղուրբանովի և Тoplum TV-ի լրագրող Ֆարիդ Իսմայիլովի դեմ քրեական գործեր են հարուցվել։
Փաստաբանների պնդմամբ, նրանց մեղադրում են մաքսանենգության մեջ։
Իսմայիլովի հարազատների փոխանցմամբ, խուզարկության ընթացքում նրա բնակարանում 3 հազար եվրո է հայտնաբերվել։ Լրագրողը պնդում է, որ այդ գումարը իրեն չի պատկանում։
Երեկ հաղորդվեց, որ Ադրբեջանի ոստիկանությունը ներխուժել է Toplum TV հեռուստաընկերության տարածք, խուզարկություններ է անցկացրել և ձերբակալել լրագրողներ Էլմիր Աբասովին և Արազ Ալիևին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին՝ ազատել քաղաքական դրդապատճառներով անազատության մեջ պահվող անձանց