Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այսօր «Եռաբլուր»-ում լրագրողների հարցերին պատասխանելիս քչախոս էր. հիմնականում հորդորում էր հարցերն ուղղել Պաշտպանության նախարարության լրատվականին ու նշում, որ հարցերի պատասխանները գաղտնիք են պարունակում:
ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հարցին էլ պատասխանեց՝ Երևանը կառույցը դեռ չի լքել, իսկ «համատեղ կառուցվածների» մասին ճշտող հարցին, միայն ասաց, որ դրանք գոյություն ունեն թղթի վրա։
«Մենք դեռևս ՀԱՊԿ-ից դուրս եկած չենք, իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալը, թե ինչին կհանգեցնի, այդ հարցը նույնպես գաղտնիք է պարունակում», - ասաց Ասրյանը․ - «Համատեղ կառուցվածքներ բանակում, դա կա՝ թղթի վրա»։
Հայաստանի վարչապետն օրերս Փարիզում հայտարարեց՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունն, ըստ էության, սառեցված է: Նա կրկին քննադատեց ռազմական դաշինքը պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար: Օրեր անց էլ գործադիրի ղեկավարը Երևանում վերահաստատեց՝ «հիմա դե ֆակտո ենք սառեցրել {անդամակցությունը}, և եթե էս պրոցեսը շարունակվի, դե յուրե էլ պիտի սառեցնենք»՝ «Հայաստանը պետք է դիրքավորվի»։
Մոսկվան իր հերթին արձագանքեց՝ հետևություններ կանեն սեփական գործնական քայլերը պլանավորելիս։ Ռուսատսանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ արեց Երևանին՝ կողմնորոշվել ՀԱՊԿ-ում իր կարգավիճակի շուրջ։
Երեկ Հայաստանի իշխող խմբակցությունից ասաց՝ Հայաստանը կանգնած է ընտրության առջև՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան։ Ըստ «Քաղաքացիական պայմանագրից» Գագիկ Մելքոնյանի՝ Արևմուտք գնալու դեպքում Երևանը Մոսկվայի նման թշնամի կունենա, դեպի Ռուսաստան՝ նշանակում է Հայաստանի Հանրապետության կորուստ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմուտք գնալու դեպքում Երևանը Մոսկվայի նման թշնամի կունենա, դեպի ՌԴ՝ նշանակում է ՀՀ կորուստ. Գագիկ Մելքոնյան