«Ավինյանի նշած քոլիկներից չէ իմ տունը». Լվովյանի մի քանի տուն ևս քանդման վտանգի տակ է

Թաթուլ Կրպեյանի անվան այգու հարակից տարածքում ոստիկանների հսկողության տակ աշխատող էքսկավատորը, 29-ը փետրվարի, 2024թ.

Օրերս Երևանի քաղաքապետարանը Նոր Նորքում քանդեց Թաթուլ Կրպեյանի անվան այգու հարակից տարածքի մի քանի ինքնակամ շինություն: Այդ ուղղությամբ ձգվող Լվովյան փողոցի բնակիչներից մի քանիսին նույնպես զգուշացրել են, որ վաղն էլ իրենց տներն են քանդելու, որովհետև դրանք նույնպես ինքնակամ են: Լվովյանի բնակիչներն այսօր քաղաքապետարանի դիմաց էին հավաքվել ու որոշում կայացնողների հետ էին ցանկանում հանդիպել.

«Մարդիկ ի՞նչ անեն, իրենց գույքը վերցնեն ըտեղից ո՞ւր դուրս գան...»:

«Վեց տուն պետք ա քանդվի, վեց, յոթ՝ ճիշտն ասած լավ չեմ հիշում, էդ բոլոր տները պետք ա քանդվի: Բայց մենք ուր պետք ա գնանք, ինչ պետք ա անենք, ոնց պետք ա ապրենք...»:

«Նշված հատվածում կան սեփականաշնորհված բնակելի տներ: Այ ո՞նց ա իրանցը օրինականացվել, ո՞նց ա իրանց տրվել կարգավիճակ: Մենք խնդրում ենք ձեզ, որ մեզ էլ տան օրինական կարգավիճակ, որպեսզի մենք հանգիստ լինենք»:

«Ուզում եք ասեք՝ կանաչապատման գոտու անվան տակ: Մենք մեր ձեռով կանաչապատել ենք, խնդիրը ինչո՞ւմ ա՝ որ էդ քառակուսին որ սարքել ենք, որ մտնենք էդ տներն ապրենք, որ տուն չունենանք: Էդ տանն ա՞ խնդիրը, որ գան տնե՞րը քանդեն»:

Քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը նախորդ շաբաթ գործակարգավարական նիստում էկրանին ցուցադրեց կանաչապատման ենթակա շուրջ 30 հեկտար տարածք, որն, ասաց, տարբեր հատվածներում ինքնակամ շինություններով ու ցանկապատներով զավթված է: Դրանից հետո ծանր տեխնիկան մտավ Կրպեյանի անվան այգու հարակից տարածք:

Երբ Բեգոյանը նշեց, որ այնտեղ մի շինություն կա, որտեղ մի ամբողջ ընտանիք է ապրում, քաղաքապետ Ավինյանը հորդորեց. - «Էս հայտարարություններից հետո կպարզվի, որ բոլորում, բոլորում ընտանիքներով դարերով ապրել են: Մի փոքր զգույշ լինեք էս հայտարարություններում, պարոն Բեգոյան, որովհետև, այնուամենայնիվ, կրկին անգամ, մենք խոսում ենք ինքնակամ շինությունների մասին, մենք խոսում ենք համայնքից զավթված հողերի մասին, մենք խոսում ենք էս քոլիկների մասին՝ կանաչ տարածքում որոնք որ անընդունելի են»:

Հետո Բեգոյանը ցուցադրեց կանաչապատման ևս 4 հեկտար: Հենց այդտեղ են ապրում այսօրվա բողոքի ակցիայի մասնակիցները. - «Սա արդեն Կենդանաբանական այգուն հարող հատվածն է, որտեղ կա խիստ կառուցապատում: Եթե դուք նայեք, հիմա այդ կանաչի տակից երևում են շենքերը, տները: Էստեղ 4 հեկտար տարածքի վրա ուղղակի գոյացել են փողոցներ և ամբողջությամբ ինքնակամ կառուցապատված է այս հեկտարը, խնդրեմ, նմանատիպ տներով: Տեսնում եք՝ մեջը կան նաև բավականին խոշոր տներ, ինչպես նաև փոքր էդպես քոլիկանման տներ»:

«Ավինյանի նշած քոլիկներից չէ իմ տունը», - հակադարձում 56-ամյա Աշոտ Հովհաննիսյանը, որի երկհարկանի առանձնատան պատին նշված է հասցեն՝ Լվովյան փողոց, 25 տուն: Այդ հասցեից, ասաց ընտրությունների են գնացել, այդ հասցեով է լույսի, ջրի ու գազի բաժանորդ դարձել ու մուծումները պարտաճանաչ կատարել: Ասում է՝ 20 տարի առաջ իր ձեռքերով է քարերից ազատել տարածքը, կառուցել տունը ու չորս բոլորը ծառեր տնկել: Բոլոր իշխանությունների օրոք, ասաց, հարևանների պես ինքն էլ է դիմել քաղաքապետարան, որ տունը գրանցեն ու սեփականաշնորհման վկայական տան, բայց մերժվել են: Վերջին երկու տարին քաղաքային իշխանությունից ասել են՝ «չափագրեք ձեր սեփականությունը», սա էլ են արել, տվյալները ներկայացրել են կադաստր ու արդեն երկու տարի գույքահարկ են վճարում: Հիմա խնդրում են՝ քանի քանդող մեքենան իրենց տներին չի հասել, օրինականացնեն շինությունը:

«Եթե ինձ կասեն՝ քո 400 ընդհանուր տարածքը, որից 200-ը կարաս օգտագործես, 100-ը կարաս օգտագործես, ես համաձայն եմ, մենակ, ասենք, իմ շինությանը, իմ տանը չկպնեն, որ ես իմ երեխեքի հետ, ութ հոգանոց ընտանիքս ապրի: Եթե հանկարծ ինչ-որ հարց, ես ութ հոգուն վերցնեմ ո՞ւր գնամ», - նշեց Հովհաննիսյանը:

Լիլիթ Սաֆարյանն էլ ամուսնու ու երկու անչափահաս երեխաների հետ է ապրում շուրջ 100 քմ տանը, որը նույնպես չեն կարողացել օրինականացնել: Սեպտեմբերին էլ հայրն ու մայրն են Արցախից տեղահանվելուց հետո իրենց հետ ապրում: Ասում է՝ քարե շինություն է, ամռանը բակը կանաչ դրախտ է դառնում, էլի կկանաչապատեն, պատրաստ են անգամ տան պարիսպը մի փոքր հետ քաշել, եթե դա ճանապարհին կխանգարի, պատրաստ են փոխզիջման գնալ քաղաքային իշխանության հետ, միայն թե տունը չքանդեն:

«Լվովյանի այդ 4 հեկտարի մի մասը փոքրիկ թաղամաս է դարձել», - ասում են բնակիչներն ու քանդման որոշում կայացնողներին մեկ ամսից իրենց թաղամաս հրավիրում, որ տեսնեն, թե 70-ականներից քարից ու կեղտից իրենց ձեռքերով կանաչապատ փողոցն ինչ գեղեցիկ է: Թերություններն էլ պատրաստ են շտկել:

Թաղամասում «Ազատության» նկարահանման ընթացքում փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն ընդունել էր բնակիչներից մի քանիսին, լսել նրանց խնդիրներն ու խոստացել՝ վաղը ապամոնտաժման ենթակա տներն առայժմ չքանդել:

«Համայնքի գործողությունները միտված չեն հոգսեր պատճառելու քաղաքի բնակիչներին, մեր խնդիրն է համայնքապատկան տարածքները վերադարձնել Երևանին՝ ավելացնելով կանաչ գոտիները: Ընդլայնված կազմով ևս մի քանի քննարկում կունենանք՝ հետագա գործողությունների հետ կապված», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Փամբուխչյանը։

Բնակիչներն էլ ասում են՝ տեղ չունեն գնալու, լավ օրից չէ, որ իրենց տունը մինչև այսօր ինքնակամ շինություն է համարվում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Եկան, ասին՝ քանդում են, ձեր վեշերը հավաքեք». ապամոնտաժվում են Նոր Նորքի ինքնակամ կառույցները