Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ղեկավար Կարեն Անդրեասյանն արձագանքել է ընդդիմության հրավերին և այսօր Ազգային ժողովում հանդիպել «Հայաստան» խմբակցության հետ։
Մոտ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում ընդդիմադիրները դատական ոլորտի վերաբերյալ իրենց դժգոհություններն են ներկայացել ԲԴԽ նախագահին, «Ազատության» հետ զրույցում հայտնեց հանդիպմանը մասնակցած պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Քննարկվող հարցերից էր դատավորների կողմից կալանքը որպես խափանման միջոց կիրառելու արատավոր վարքագիծը, դատարանների խտրական մոտեցումն այս հարցում։ Ներկայացրել ենք մեր համեմատությունները, թե խափանման ինչ միջոցներ են կիրառում ընդդիմադիր դաշտում գտնվողների և իշխանականների հարազատների նկատմամբ։ Դատավորներ կան, որ որոշումներ են կայացնում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Սա նաև Բարձրագույն դատախան խորհրդի խնդիրն է, որ ապահովեն դատարանների անկախությունը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
ԲԴԽ ղեկավարը անցած շաբաթ էլ հանդիպել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, «Ազատությանը» հայտնեցին ԲԴԽ լրատվականից։