Ըստ Կիևի՝ ուկրաինական ուժերը ռուսական Սու-34 են խոցել

Су-34

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը ռուսական Су-34 կործանիչ են ոչնչացրել, հաղորդել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկը։

«Այսօր փետրվարի 29-ն է, ամսաթիվ, որը լինում է չորս տարին մեկ անգամ, բայց սա հիշարժան օր է ռուսների համար՝ մինուս Су-34՝ արևելյան ուղղությամբ։ Շնորհակալություն աշխատանքի համար»,- գրել է Օլեշչուկը։

Փետրվարի երկրորդ կեսին ուկրաինացի զինվորականները հաճախ են հաղորդում ռուսական ռազմական ինքնաթիռ խոցելու մասին։ Փետրվարի 27-ին ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտնել էր երկու Су-34-ի կործանման մասին։

Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ փետրվարի 29-ի առավոտվա դրությամբ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 342 ինքնաթիռ, այսօր խոցված Су-34-ն էլ ներառած՝ 343։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել այս տվյալները։