Սերժ Սարգսյանի հայտարարությունը ոչ միայն վերահաստատում է 2018 թվականի դրությամբ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերաբերյալ իշխանության գնահատականները, այլ ուժեղացնում դրանք, այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով երրորդ նախագահի՝ մոտ երկու շաբաթ առաջ արած հայտարարությունը, թե ինքը վարչապետի պաշտոնում առաջադրվելու որոշում էր կայացրել՝ տեսնելով, որ արհավիրք է մոտենում:
«Եթե վարչապետ առաջադրվելու պահին Սերժ Սարգսյանը գիտեր այդ արհավիրքի մասին, ապա դա զրոյացնում է նրանց այն հայտարարությունները, որ իրենք դիվանագիտական հաղթանակների իրավիճակում են եղել 2017-2018 թվականներին, որովհետև դա չի նշանակում երկիրը հասցրած լինել արհավիրքի: Այդ ո՞ւմ գործողությունների և ո՞ւմ քայլերի արդյունքում էր հասունացել արհավիրք, ինչո՞ւ ժողովուրդը տեղյակ չի եղել այդ մասին», - նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ նախկին իշխանության ներկայացուցիչներն այդ մասին չեն խոսել, երբ Հայաստանում իշխանությունը փոխվեց:
«Եթե այդ աղետը վերահաս էր, 2018 -ից ասում էին՝ տալիս են, տալիս են, բա տեղեկատվություն տայիք, ոչ թե կառավարությանը մոլորության մեջ գցեցիք: Այդ ո՞նց է՝ Սերժ Սարգսյանն ու իր թիմը կարող էին կենցաղային հարցերով նամակներ գրել, սակայն վերահաս աղետի մասին չէին գրում», - հավելեց Փաշինյանը:
Վարչապետը նաև ընդգծեց, թե մինչև 2018 թվականը բանակցային գործընթացի վերաբերյալ ինստիտուցիոնալ տեղեկություն չկա, իսկ այժմ վարվող բանակցությունների վերաբերյալ հետագա իշխանությունները տեղեկատվության խնդիր չեն ունենա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Սերժ Սարգսյանի, ադրբեջանական ճնշումների արդյունքում նոր զիջումներ կլինեն