Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը, նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարությունում:
«Սումգայիթյան ողբերգությանը հաջորդեցին Կիրովաբադի, Բաքվի և Ադրբեջանի այլ հայաշատ բնակավայրերի հայության ջարդերը: Այս շղթայական իրադարձությունները, ինչպես դրանցից առաջ Նախիջևանի ամբողջական հայաթափումը, ցույց տվեցին, որ հիշյալ ոճրագործությունները ոչ թե ազգայնամոլության հիմքի վրա բռնությունների առանձին դրվագներ էին, այլ պետականորեն ծրագրված և իրականացված հայատյացության քաղաքականության հերթական դրսևորումներ», - ասված է հաղորդագրությունում։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում ասվում է՝ «Ադրբեջանի նույն քաղաքականության շարունակությունն էր Լեռնային Ղարաբաղի բնիկ հայության ահաբեկման, անմարդկային շրջափակման, սովամահության մատնելու և ի վերջո ուժի կիրառման միջոցով Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը, որն ավարտին հասցվեց անգամ ի հեճուկս ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված իրավաբանական պարտադիր ուժ ունեցող երեք որոշումների»:
Նշելով, թե «այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը՝ պղծելով, վանդալիզմի ենթարկելով և ոչնչացնելով հայկական կրոնական ու պատմամշակութային կոթողները», ԱԳՆ-ը ընդգծում է. - «Այսօր էլ, արդեն Հայաստանի Հանրապետության դեմ շարունակվող այլատյաց և թշնամական քաղաքականությունն ուղեկցվում է բարձրագույն մակարդակով հնչող ատելության խոսքով, սպառնալիքներով և ագրեսիվ հռետորաբանությամբ, որը խոչընդոտ է ժողովուրդների միջև թշնամանքի հաղթահարման և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ճանապարհին»։
Պաշտոնական Երևանը հայտարարում է՝ «միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները՝ կանխելու նման ոճրագործությունների կրկնությունը և նպաստելու Հարավային Կովկասում արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ ջանքերին»։