Ուկրաինան այսօր հաստատել է Դոնբասում գտնվող ևս մեկ բնակավայրի՝ Լաստոչկինո գյուղի կորուստը։ «Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումները դուրս են բերվել Լաստոչկինո բնակավայրից՝ հետագա կազմակերպված պաշտպանությունն իրականացնելու և արևմտյան ուղղությամբ թշնամու ուժերի առաջխաղացումը կանխելու նպատակով», - այսօր հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Լիխովոյը։
Լաստոչկինոյի գրավումը հաստատել է նաև ռուսական կողմը։
«Զորքերի «Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումները ազատագրել են Լաստոչկինո բնակավայրը և շարունակում են բարելավել իրենց դիրքերն առաջնագծում», - նշված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Լաստոչկինոն գտնվում է փետրվարի 17-ին ռուսական ուժերի ամբողջական վերահսկողության տակ անցած Ավդեևկա քաղաքի անմիջական հարևանությամբ։