Կացնով տղամարդը սեռական բնույթի հայհոյանքներով սպառնում է վնասել ակտիվիստ Արթուր Չախոյանին, վերջինիս զսպող մյուս տղամարդը ինքն է հետո բռուցնքները գործի դնում ու հարվածում ակտիվիստի տեսախցիկին: Տղամարդիկ հայհոյելով, քարեր նետելով, անընդհատ կրկնում էին՝ «անջատիր հեռախոսդ ու հեռացիր մեր մասնավոր տարածքից»:
Չախոյանը հակադարձում է՝ չսահմանազատված այդ տարածքում է հայտնվել՝ բեռնատարի հետևից, որը Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի նորոգվող մայթից հանված սալիկներն էր Երևանից դուրս՝ այդ տարածք հասցրել: Ակտիվիստը պնդում էր՝ Երևանի գույքը գողացվել ու տեղափոխվել է այդ տարածք՝ վաճառելու նպատակով: Քաղաքապետարանից հերքում են այս պնդումները:
Քաղաքային իշխանություններին սուր քննադատող բլոգերը, դեպքի հաջորդ օրը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ իր վրա կացնով հարձակումից բացի նաև պետական գույքի յուրացման մասով:
ՔԿ-ում քրեական գործ է հարուցվել կացնով Չախոյանի վրա հարձակված տղամարդու նկատմամբ
Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել կացնով Չախոյանի վրա հարձակված տղամարդու նկատմամբ՝ ֆիզիկական ու հոգեկան ներգործության հոդվածներով: Կոմիտեից հայտնեցին, թե հանգամանքները պարզվում են, ուսումնասիրվում է նաև տեսագրությունը:
Արդյո՞ք դեպքից մեկ օր անց պարզ է, թե դա ի՞նչ տարածք էր, ո՞վ, ինչո՞ւ և ի՞նչ նպատակով է սալիկները տեղափոխել այդտեղ: Կոմիտեից մանրամասներ չփոխանցեցին՝ հորդորելով գրավոր հարցում ուղարկել: Ուղարկել ենք, սպասում ենք պատասխանի:
Բլոգերի ուղիղ միացումից հետո, Երևանի ավագանու իշխող խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էր ֆեյսբուքյան իր էջում մայթերի հիմնանորոգման պայմանագիրը հրապարակել, ընդունելով՝ խնդրահարույց է, որ փոխարինված բետոնե սալիկները շինարարը քաղաքից դուրս տեղափոխել: Բայց դա ընդամենը պայմանագրի թերի ձևակերպման հետևանք էր համարել։
«Պայմանագրով նախատեսված է, որ փոխարինված բետոնե սալիկները համարվում են շինաղբ և կապալառուն պետք է այն 13 կմ հեռու տեղափոխի: Սա իհարկե խնդրահարույց է, քանի որ փաստացի աղբ չհանդիսացող գույքը, որպես աղբ մասնավոր ընկերության կողմից տեղափոխվում է Երևանի տարածքից դուրս»,- գրել էր Գալջյանն ու ընդգծել՝ սալիկները կտեղափոխվեն քաղաքապետարանին պատկանող տարածքներ, իսկ նման պայմանագրերում շտկումներ կանեն և գույքը շինաղբ կհամարվի միայն օգտագործման ոչ ենթակա լինելու դեպքում:
Չախոյանն արձագանքում է՝ արդեն 4-րդ անգամ է Երևանի տարբեր հատվածներում փոխարինված սալիկները Երևանից դուրս՝ մասնավոր այլ տարածքներ տեղափոխելու մասին հրապարակավ խոսում, ինչո՞ւ միայն այս դեպքում Գալջյանն ընդունեց, որ դրանք շինաղբ չեն, ինչո՞ւ միայն հիմա շտկումների կարիք տեսավ։
Նախորդ տարի էլ իր տան մուտքի մոտ էր Չախոյանը հարձակման ենթարկվել: Ասաց՝ փախուստի դիմած երկու քաղաքացուն իրավապահները դեռ չեն գտել: Պատմեց՝ դանակով երիտասարդին ինքն է փորձել զինաթափել՝ ինքնապաշտպանվելով: Այս գործն արդեն դատարանում է, Չախոյանն իրավական ու դատական համակարգին չի վստահում, ասում է՝ ինքնապաշտպանությունը հարձակում են դիտարկել։
Այդ դեպքից հետո քաղաքապետ Ավինյանը հարցազրույցներից մեկում դատապարտել բռնությունն ու անլուրջ համարել իրեն ուղղված մեղադրանքները:
Գալջյանը դատապարտել է բռնությունն ու «առանց ճշգրտումների, միտումնավոր քաղաքային իշխանություններին կոռուպցիայի մեջ մեղադրելու Չախոյանի փորձերը»: Բայց բլոգերն այս ամենի հետևում տեսնում է քաղաքապետարանի առաջին դեմքերին։
Կենտրոն վարչական շրջանից տեղեկացրին՝ սալիկները չեն վաճառվում, պարզապես այդ տարածք են տեղափոխվել, որովհետև քաղաքապետարանին պատկանող տարածքում այլևս տեղ չկար: Այսօր տեղն ազատվել ու դրանք արդեն տեղափոխվել են։ Իսկ Չախոյանի տեսանյութում երևացող փաթեթավորված մյուս սալիկներն, ասաց, Երևանի գույքը չեն: Չնայած բոլոր հերքումներին՝ Շախորյանը շարունակում է կասկածել, որ որակյալ ու փոխարինման չենթակա բետոնե սալիկները քաղաքից դուրս են հանվում, հետո վաճառվում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «էս պոդեզդում ինձ էիր ուզում ծեծե՞լ, դանակ էիր քաշո՞ւմ վրես». ակտիվիստը ահազանգում է իր վրա հարձակման մասին