Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներքին ծառայության գեներալ-գնդապետի կոչում է շնորհել Դաշնային քրեակատարողական ծառայության տնօրենի տեղակալ Վալերի Բոյարինևին։
Հրամանագիրը ստորագրվել է փետրվարի 19-ին՝ բանտում ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահից երեք օր անց։
Նավալնիի զինակից Իվան Ժդանովը Բոյարինևի կոչումի բարձրացումն անվանել է «Պուտինի կողմից ուղղակի վարձատրություն՝ խոշտանգումների համար»։
«Բոյարինևն անձամբ է վերահսկել Ալեքսեյ Նավալնիի խոշտանգումները բանտում: Ալեքսեյի կողմից սննդի գնման համար վճարումների սահմանափակումը, ինչպես և բոլոր մյուս կտտանքները, դրանք կատարվել են Քրեակատարողական դաշնային ծառայության՝ անձամբ Բոյարինևի կողմից ուղարկված հանձնարարականներով»,- հայտարարել է Ժդանովը:
Նա հրապարակել է Բոյարինևի նամակը Վլադիմիրի շրջանի դաշնային քրեակատարողական ծառայությանը, որից հետո այդ գաղութում, որտեղ Նավալնին բանտարկված էր մինչև 2023 թվականի դեկտեմբեր, արգելվել է ամսական ավելի քան հինգ հազար ռուբլի ծախսել սննդի վրա։
Նավալնին իր ժամանակի զգալի մասն անցկացրել է պատժախցում, որտեղ ընդհանրապես արգելվել է պարեն պատվիրել։ Բացի Բոյարինևից, Պուտինը բարձրացրել է նաև Դաշնային քրեակատարողական ծառայության ևս երեք աշխատակիցների կոչումները:
Յամալ-Նենեցյան բանտում մահացած Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլյա Նավալնայան հայտարարել է, որ շարունակելում է ամուսնու առաքելությունը: Նավալնիի աջակիցները և հետևորդները համոզված են, որ ընդդիմադիր լիդերին միտումնավոր սպանել կամ մահվան են հասցրել Ռուսաստանի իշխանությունների կարգադրությամբ:
Նա մահացել է փետրվարի 16-ի ցերեկը զբոսանքից հետո։ Մահվանից մի քանի օր առաջ նրան 27-րդ անգամ ուղարկել են պատժախուց, որում սովորական խցերից շատ ավելի խիստ պայմաններ են:
Իշխնություններն առ այսօր Նավալնիի դին չեն փոխանցել հարազատներին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նավալնիի մարմինն առնվազն երկու շաբաթ չի հանձնվի նրա հարազատներին