Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլյա Նավալնայան, երեկ Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, ելույթ ունեցել ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում։
«Մենք ԵՄ-ի խորին ցավակցությունն ենք հայտնել Յուլյա Նավալնայային։ Վլադիմիր Պուտինն ու նրա ռեժիմը պատասխանատվության կենթարկվեն Ալեքսեյի մահվան համար։ Ինչպես ասաց Յուլյան՝ Պուտինը Ռուսաստան չէ, Ռուսաստանը Պուտինը չէ։ Մենք կշարունակենք մեր աջակցությունը Ռուսաստանի քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին», - ավելի ուշ X-ի իր էջում գրել է Բորելը։
Երեկ Եվրամիության դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ Բրյուսելը մտադիր է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, մասնավորապես, Նավալնիի մահվան մեղավորների և անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։
Փետրվարի 16-ին դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ Նավալնին մահացել է Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի Խարպ գյուղի տարածքում տեղակայված հատուկ ռեժիմի գաղութում՝զբոսանքից հետո։ Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։ Նրա մարմինը հարազատներին չեն տալիս՝ վկայակոչելով Քննչական կոմիտեի կատարած հետաքննությունը։ Ընդդիմադիրի համախոհները կարծում են, որ նա սպանվել է, իսկ իշխանությունները փորձում են թաքցնել հանցագործության հետքերը։
Քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշինն ասել է, որ Նավալնիի մարմինն առնվազն երկու շաբաթ չի հանձնվի նրա հարազատներին։ Ըստ Յարմիշի՝ քննիչները Նավալնիի մորն ու փաստաբաններին փոխանցել են, որ այդքան ժամանակ կպահանջվի ինչ-որ «քիմիական փորձաքննության» համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ես կշարունակեմ Նավալնիի գործը, շարունակելու եմ պայքարը մեր երկրի համար. Յուլիա Նավալնայա