Մյունխենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպմանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը:
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի փոխանցմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ:
Օլաֆ Շոլցն էլ X-ի իր օգտահաշվում գրել է, որ կողմերը պայմանավորվել են բաց հարցերը լուծել առանց նոր բռնությունների:
«Գերմանիան և Եվրոպան պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Ես դա հաստատել եմ երկու երկրների հետ քննարկումներում», - նշել է նա:
Ադրբեջանական APA գործակալությունը հաղորդել էր, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ համատեղ հանդիպումից հետո լքել էր սենյակը, հանդիպումը շարունակվել է երկկողմ ձևաչափով։ Հայկական կողմն այս մասին, սակայն, չի հաղորդում:
Հայաստանի վարչապետի խոսնակի տարածած նկարներում երևում է, որ եռակողմ հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շոլց-Փաշինյան-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպումն ավարտվել է