Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, հայտնեց Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը՝ նշելով, որ գնում են դատարան, քննվելու է խափանման միջոցի հարցը:
Ավելի ուշ փաստաբանը տեղեկացրեց, որ Քերոբյանը ձերբակալվել է։
Եգորյանի խոսքով՝ Քերոբյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
«Մեր գնահատմամբ, այն հիմքերը, որոնք բերված են հետապնդման որոշման մեջ և որոնք արտացոլված են դատարան ներկայացվող միջնորդության մեջ, բավականին թույլ են: Այն հետևությունները կամ եզրահանգումները, որոնք նշված են, կարծում ենք, որ իրականությանը չեն համապատասխանում, դրանք հիմնակում ենթադրությունների մակարդակում են՝ մեր գնահատմամբ», - նշեց Եգորյանը:
Տիգրան Եգորյանն ասաց, որ Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի՝ «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը», 2-րդ մասի 4-րդ կետով՝ «մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ»:
Քերոբյանն, ըստ փաստաբանի, այսօր հարցաքննվել է «Սիներջի»-ի գործի շրջանակներում:
Վահան Քերոբյանը երեկ ազատվեց նախարարի պաշտոնից։ Իրավապահների գործողություններից կառավարության նիստում հրապարակավ դժգոհած Քերոբյանը երեկ հայտնել էր, որ լքում է պաշտոնը՝ հրաժարվելով խոսել պատճառների մասին։
Հունվարի վերջին առերևույթ կոռուպցիոն չարաշահումների երկու գործով 7 անձ ձերբակալվեց, որից 4-ը՝ Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ։ Քննչական կոմիտեն նշեց, որ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները»։
Օրեր անց Քերոբյանը կառավարության նիստում հայտարարեց՝ չապացուցված մեղադրանքի համար պաշտոնյաների ազատազրկումը պետական համակարգի պարալիզացիայի պատճառ է դառնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քերոբյանը հրաժարական է տալիս նախորդ շաբաթ իր արտահայտած դժգոհությունից հետո