Երևանը Բաքվին առաջարկում է 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի պայմանավորվածության հիման վրա արագացնել սահմանազատման գործընթացը և վերահաստատում է Հայաստանի պատրաստակամությունը: Այս մասին հայտարարել է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը:
Արտգործնախարարությունն այս հայտարարությամբ արձագանքում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությանը:
ԱԳՆ խոսնակն ընդգծել է. «Հարկ ենք համարում հիշեցնել, որ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանը և Հայաստանը գրավոր կերպով պայմանավորվել են, որ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանագծման գործընթացի քաղաքական հիմք է լինելու: Ադրբեջանին առաջարկում ենք այս պայմանավորվածության հիման վրա արագացնել սահմանազատման գործընթացը և վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը»:
ՀՀ վարչապետն այսօր կառավարության նիստում հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակում է ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ: Բաքուն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որակել է «անհիմն մեղադրանքներ, որոնք նպատակ ունեն միտումնավոր լարվածություն բորբոքել տարածաշրջանում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բաքուն Հայաստանի վարչապետի հայտարարությունները որակում է «անհիմն մեղադրանքներ»ՀՀ իշխանությունը չի բացառում՝ Ադրբեջանը կարող է Հայաստանի դեմ նաև պատերազմ սկսել