Հայաստանը Ռուսաստանից մինչև այս պահը որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել «Ջերմուկ» հանքային ջրի հետ կապված խնդրի առնչությամբ։
Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երեկ մամուլից էր տեղեկացել, որ "Роспотребнадзор"-ը «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնում է՝ պատճառաբանելով, թե Վլադիկավկազի ոմն բնակիչ մահացել է հիվանդանոցում, որտեղ նրան փորձել են փրկել հանքային ջրի շշից մի կում հեղուկ խմելուց հետո առաջացած կերակրափողի սուր այրվածքից:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր հաղորդագրություն էր տարածել՝ պնդելով, որ արտահանված յուրաքանչյուր խմբաքանակ համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության պահանջներին: Բացի Ռուսաստանից «Ջերմուկ»-ն արտահանվում է նաև ԱՄՆ, Ուկրաինա, Վրաստան, Բելառուս, Ղազախստան, ԵՄ և բազմաթիվ այլ երկրներ:
«Ենթադրում եմ, որ այնտեղ կատարվում են փորձաքննություններ, և այդ փորձաքննությունների արդյունքները մեզ կներկայացնեն, որպեսզի հասկանանք, թե ինչ խնդիր կարող է լինել», - «Ազատության» հետ զրույցում ասաց տեսչական մարմնի հանրայի կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը:
Հարությունյանը փոխանցեց, որ «Ջերմուկ Գրուպ»-ում վերջին անգամ վերահսկողություն իրականացվել է երկու տարի առաջ, որևիցե խախտում չի հայտնաբերվել։ «Վերջին հինգ-վեց տարիների ընթացքում որևէ բողոք «Ջերմուկ»-ի հետ կապված մենք չենք ստացել», - նշեց նա:
Դեպքի մասին երեկ Տելեգրամ ալիքում հաղորդել էր Հյուսիսային Օսիայի ղեկավարը՝ ասելով, որ «Ջերմուկ»-ի այդ շշում հանքային ջրի փոխարեն քացախ է եղել: Ժամեր անց «Ջերմուկ Գրուպ»-ը հայտարարեց, որ իր արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործում։ Արտադրական գործընթացն ամբողջությամբ ավտոմատացված փակ շրջափուլով է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ջերմուկ Գրուպ»-ը շեշտում է՝ իր արտադրանքը համապատասխանում է ԵԱՏՄ պահանջներին"Роспотребнадзор"-ը հայտարարել էր, որ վաճառքի արգելքը տարածվում է 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև փետրվարի 12-ը Ռուսաստան ներմուծված ապրանքի վրա։ «Ջերմուկ Գրուպ»-ը, ներկայացնելով տվյալ խմբաքանակի հետազոտության արձանագրության պատճենը, հակադարձել էր՝ այդ խմբաքանակի նմուշի ֆիզիկական, քիմիական և մանրէաբանական հետազոտությունները փաստում են, որ բուժիչ ջուրը համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
«Որովհետև այնպես չի, որ այդ արտադրվող խմբաքանակը միայն արտահանվում է: Արտադրության որոշ մասը մնում է այստեղ՝ մեր երկրում, և կարծես թե երկրում այդպիսի խնդիր չի արձանագրվել», - ընդգծեց Անուշ Հարությունյանը՝ շարունակելով. - «Այնուամենայնիվ, այսպես ասած, առաջ չընկնենք, հույս ունենք, որ ռուսական կողմը ևս մեկ անգամ հայտարարությամբ հանդես կգա, կամ լաբորատոր փորձաքննության արդյունքները կներկայացվեն և կասվի, որ այդ ամբողջ խմբաքանակում ինչ-որ խնդիր կա, կամ երևի մարդը, ցավալիորեն օգտագործել է այլ ըմպելիք»:
Հարցին՝ «մենք չե՞նք պատրաստվում որևիցե կերպ դիմել բացատրություն պահանջելու համար, որովհետև ինչ-որ տեղ նաև կարող է այս ամենը քաղաքական ենթատեքստ էլ ստանալ», Հարությունյանն արձագանքեց. - «Հարցը մեզ պիտի չուղղվի, որովհետև եթե նույնիսկ քաղաքական ենթատեքստ ստանա, ուրեմն՝ քաղաքականություն իրականացնող մարմինները դրանով պիտի զբաղվեն»:
«Ջերմուկ»-ի հետ այս խնդիրն առաջացավ հայ-ռուսական լարվածության պայմաններում, ավելի վաղ նաև կաթնամթերքի, կոնյակի, պտուղ բանջարեղենի հետ էր խնդիր առաջացել։ Արդյոք քաղաքական հարցերն են պատճառը՝ կողմերը չեն պարզաբանում։