Ո՛չ տեղահանվելուց առաջ ստացած ամուսնու դիպլոմը, ո՛չ էլ Ղարաբաղից բերած մյուս փաստաթղթերը չեն օգնել, որ երկու անչափահաս մեծացնող ընտանիքը օգտվի Հայաստանի կառավարության աջակցության ծրագրերից:
«Պատճառաբանում են, որ ձեր մուտքը Հայաստանի Հանրապետություն եղել է ավելի վաղ, քան արցախյան վերջին ռազմական գործողությունները», - ասում է Էլինան։
Խնդիրն այն է, որ 44-օրյա պատերազմից առաջ Շուշիում բնակված ընտանիքը 2020-ին տեղափոխվել է Հայաստան, մոտ մեկ տարի անց վերադարձել հայրենիք: Վերադարձը, սակայն, պաշտոնապես չի արձանագրվել, ընտանիքը շարունակել է պաշտոնական փաստաթղթերում հաշվառված մնալ Հայաստանում. - «Արցախում օպերատիվ շտաբի հետ չենք կարողանում կապի դուրս գալ, ասում են՝ կառույցը այլևս չի գործում, բայց դե տվյալները փոխանցեին մեկ այլ կառույցի, որ այնտեղից կարողանանք փաստերով մեր տվյալները հանենք»։
Այս պահին վարձով են ապրում և հույս ունեն, որ երեք տարբեր ծրագրերով իերնց հասանելիք ավելի քան 1 միլիոն 300 հազար դրամը ի վերջո կստանան: Երիտասարդ ընտանիքի համար դա մեծ գումար է, հատկապես, երբ միայն ամուսինն է աշխատում՝ օրավարձով. - «Այս պահին 120 հազար տան վարձ ենք տալիս, դե ձմեռվա ամիսներին էլ կոմունալը միջին հաշվով 50 հազար գոնե գալիս է։ Այդ ամբողջն անում է ամուսնուս աշխատավարձը, եթե միայն տան վարձ ու կոմունալ իր աշխատավարձն է, բայց դե առօրյա կենցաղային առևտուր է, այս կողմ, այն կողմ, բազմաթիվ այլ կողմնակի ծախսեր կան»։
Ճիշտ է՝ Էլինան միակ հղին չի եղել գաղթի ճանապարհին, բայց հիշում է՝ 2 օր սարսափը սրտում մեքենայից դուրս չի եկել: Հայաստան հասնելն անհավատալի է թվացել՝ երկար ձգվող մեքենաների հերթեր, խցանված ճանապարհներ։ Մինչև այդ էլ բլոկադային են մի կերպ դիմացել, ամեն օր աղոթել է, որ փոքրիկն առողջ ծնվի: «Ուտելու ոչինչ չկար, եղածն էլ փոքրիկ տղայիս էինք տալիս»,- ասում է նա, - «Գրեթե երկու օր ճանապարհ անցանք այդ վիճակով։ Անգամ ճանապարհից նկարներ ունեմ, Ստեփանակերտում վերջին օրերին նկարներ եմ արել։ Բայց ասում են՝ փաստերի պակաս ունեք, այնպես չի՝ էստեղ ենք եղել, այնպիսի փաստեր են, որ բլոկադայում գտնվողները կարող էին, այդ բենզինի չեկերը, թեկուզ իր զինվորական ծառայությունը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունում քննարկվել են ԼՂ-ից տեղահանված անձանց նաև բնակարանային խնդիրները
2023-ի սեպտեմբերից Արցախից տեղահանված ավելի քան 112 հազար մարդ է արդեն ստացել 100 հազար դրամ միանվագ աջակցությունը: Միանվագ այս գումարը չստացած արցախցիները միանգամից զրկվում են նաև մյուս ծրագրերից: Սոցապնախարարությունից ասում են՝ Էլինայի ընտանիքը միակը չէ, որ դուրս է մնացել այս աջակցության ծրագրերից, այդպիսի շուրջ 500 մարդու տվյալներ են ուսումնասիրում: Եթե համադրման արդյունքում տվյալները ծրագրի պայմաններին համապատասխանեն, ապա նրանք կընդգրկվեն վերջնական ցուցակներում, եթե ոչ, կմերժվեն: Վերջնաժամկետը փետրվարի 20-ն է:
«Դեռևս չի ստացվում շահառու դառնալ, ընթացքում էլ կան ծրագրեր՝ դրամական կամ այլ տիպի, որ եթե 100 հազարի շահառու չես, տվյալները չկան, ավտոմատ այդ ծրագրից էլ ես դուրս մնում», - նկատում է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ասում են՝ շահառու եք, բայց փողը չկա». ոչ բոլոր արցախցիներն են ստացել կառավարության միանվագ աջակցությունըԷլինայի աղջիկը՝ մի քանի օրական Էվան արդեն ՀՀ քաղաքացի է: «Լավ է, որ գոնե նա ՀՀ կառավարության կողմից կստանա իր հասանելիք դրամական աջակցությունը»,- ասում է երիտասարդ մայրը, որ հույսով սպասում է ցուցակում ընդգրկվելու իրենց հերթին։