ԵՄ 5․5 մլն եվրոյով ավելացրել է մարդասիրական օգնությունը՝ Ղարաբաղից տեղահանվածների համար

Եվրամիությունը 5․5 մլն եվրոյով ավելացրել է մարդասիրական օգնությունը՝ Ղարաբաղից տեղահանված հայերի համար:

«Այսօր Հանձնաժողովը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից տեղահանված հայերին աջակցելու նպատակով հավելյալ 5․5 մլն եվրո մարդասիրական օգնություն հատկացնելու մասին», - նշված է հաղորդագրությունում։

Տրամադրվող ֆինանսավորման 1.5 մլն եվրոն նպատակաուղղված է բարձրացնելու աղետների հանդեպ պատրաստվածությունը՝ հնարավոր ճգնաժամերին խոցելի համայնքների դիմակայունության բարձրացման նպատակով։ Մարդասիրական ֆինանսավորման մյուս 4 մլն եվրոն հիմնականում ուղղվելու է Ղարաբաղից տեղահանված հայերին վաուչերներ և կանոնավոր դրամական փոխանցումներ հատկացնելուն, որը կօգնի նրանց հոգալ իրենց հիմնական կարիքները:

Ընդգծելով Եվրոպական միության մարդասիրական աջակցությունը Ղարաբաղի հայերին՝ ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը նշել է. «Այս նոր 5․5 մլն․ եվրո ֆինանսավորման միջոցով մենք նպատակ ունենք էլ ավելի ամրապնդել ԵՄ ընթացիկ մարդասիրական արձագանքը Հայաստանում գտնվող տեղահանվածներին՝ ապահովելով հիմնական ծառայություններից օգտվելու հնարավորություններ»։

2023-ի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումից հետո ավելի քան 100 հազար հայեր լքել են իրենց տները։