«Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի համապատասխան՝ 2023 թվականի դեկտեմբերի 28-ի LA28J խմբաքանակի նմուշի ֆիզիկական, քիմիական և մանրէաբանական հետազոտությունները փաստում են, որ այն համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Այդ մասին հայտարարում է «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը՝ արձագանքելով Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքի բնակչի հետ տեղի ունեցածի մասին հաղորդմանը, ըստ որի՝ այդ անձը մահացել է հիվանդանոցում, որտեղ նրան փորձել են փրկել «Ջերմուկ» հանքային ջրի շշից մի կում հեղուկ խմելուց հետո առաջացած կերակրափողի սուր այրվածքից:
«Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում: «Ջերմուկ Գրուպ» ընկերության արտադրության մեջ օգտագործվում են բացառապես այնպիսի նյութեր, որոնց անվտանգությունը համապատասխանում է միջազգային ստանդարտների պահանջներին և նախատեսված են սննդի արդյունաբերության մեջ օգտագործելու համար: Այդ նյութերի՝ ջրի մեջ ենթադրյալ մնացորդների քանակությունները, ինչպես նաև «Ջերմուկ» բնական հանքային ջրի բաղադրությունը ըստ իրենց առկա բնութագրերի չեն կարող առաջացնել այրվածք, այդ թվում՝ կերակրափողի», - շեշտում է ընկերությունը՝ կից ներկայացնելով տվյալ խմբաքանակի հետազոտության արձանագրության պատճենը և համոզմունք հայտնելով, որ իրավասու մարմինների կողմից կիրականացվի դեպքի օբյեկտիվ ուսումնասիրություն, ինչը կբացառի կապը «Ջերմուկ» հանքային ջրի և տվյալ դեպքի միջև:
Դեպքի մասին Տելեգրամ ալիքում հաղորդել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն: «Ցավոք, տղամարդն, ով նախօրեին կերակրափողի այրվածք է ստացել հանքային ջրի շշի մեջ պարունակվող հեղուկից, մահացել է հիվանդանոցում», - գրել է Մենյայլոն, ըստ որի՝ «Ջերմուկ»-ի այդ շշում հանքային ջրի փոխարեն քացախ է եղել:
Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային գործակալությունը հայտարարել էր, որ դադարեցնում է «Ջերմուկ» ջրի որոշ խմբաքանակների վաճառքը։ Վաճառքի արգելքը տարածվում է 0.5 լիտրանոց ապակե տարաներով 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024-ի փետրվարի 12-ը Ռուսաստան ներմուծված ապրանքի վրա՝ 2023-ի դեկտեմբերի 28-ի արտադրության ժամկետով:
ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնում է, որ ռուսաստանյան պատկան մարմինները քննում են Հյուսիսային Օսիայում բնակչի մահվան հանգամանքները:
Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմնից «Ազատությանը» փոխանցել են, որ մամուլից են տեղեկացել դեպքի մասին: Ռուսական կողմը պաշտոնապես դեռ հայկական կողմին չի դիմել փորձաքննություն անցկացնելու հարցով: