Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի խորհուրդը ևս մեկ տարով երկարաձգել է միջազգային մրցաշարերում Ռուսաստանի և Բելառուսի ազգային հավաքականների մասնակցության արգելքը:
«Հիմնվելով մանրակրկիտ վերլուծության վրա՝ խորհուրդը եկել է այն եզրակացության, որ Ռուսաստանի և Բելառուսի հավաքականների վերադարձը մրցումներին դեռ ապահով չէ, հետևաբար՝ այդ թիմերը չեն մասնակցի 2024-25 թվականների մրցաշրջանին», - ասվում է Տափօղակով հոկեի միջազգային ֆեդերացիայի հրապարակած հաղորդագրությունում:
Ռուսաստանի և Բելառուսի հավաքականներն արդեն բաց են թողել 2022 և 2023 թվականների աշխարհի առաջնությունները և հիմա էլ զրկվում են 2024 թվականի առաջնությանը մասնակցելուց:
Բացի այդ, Բելառուսը չի կարողանա մասնակցել 2026 թվականի Օլիմպիական խաղերի որակավորման եզրափակիչ փուլի հանդիպումներին, որոնք նախատեսված են այս տարվա օգոստոսին։
Ուկրաինայի վրա Ռուսաստանի լայնածավալ ռազմական հարձակման կապակցությամբ բազմաթիվ մարզաձևերի մրցումները կարգավորող միջազգային ֆեդերացիաները որակազրկման վճիռներ են կայացրել Ռուսաստանի և Բելառուսի ազգային հավաքականների ու ակումբների նկատմամբ: