Բրյուսելում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերի:
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ Միրզոյանն ու Կուպմանը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով կարիքները հասցեագրելուն ուղղված ջանքերի շուրջ:
ՀՀ ԱԳ նախարարը և գլխավոր տնօրենը քննարկել են նաև Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հետագա առաջմղման հնարավորությունները։
Նրանք նաև անդրադարձել են ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, մասնավորապես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների արդյունավետ կիրարկմանը։
Արարատ Միրզոյանը Բրյուսել է մեկնել այսօր՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին։
Նիստը կկայանա փետրվարի 13-ին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի մասնակցությամբ։ Օրակարգում ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքին վերաբերող հարցեր են։ Քննարկվելու են նաև անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և տարածաշրջանային հարցեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը մեկնել է Բրյուսել