Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում այսօր հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանությունը:
«Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է եւ/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության», - ասված է հաղորդագրությունում:
Այսօր ավելի վաղ ադրբեջանական կողմը հաղորդել էր Զանգելանի շրջանի դիրքերի ուղղությամբ Հայաստանի Զինված ուժերի կրակ բացելու մասին, որի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պնդում է, թե «հայկական կողմի կրակոցից վիրավոր» ունի