Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցության հարց չի քննարկում. վարչապետ

Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ՆԱՏՕ-ին անդամակցության հարց չենք քննարկել և չենք քննարկում: Մենք ՆԱՏՕ-ի հետ ունենք գործընկերային հարաբերություններ, և այդտեղ որևէ նորություն չկա», - նշել է նա The Telegraph-ի հետ զրույցում։

Արձանագրելով, որ առնվազն դե յուրե Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է՝ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ Հայաստանը չի ժխտում և մերժում Ռուսաստանի հետ համագործակցությունն ընդհանարապես և անվտանգության ոլորտում ևս։ Միաժամանակ նա հավաստիացրել է՝ անվտանգության ոլորտում պատրաստ են, քննարկում ու աշխատում են հարաբերություններ հաստատել, օրինակ, Եվրամիության, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Իրանի և այլ երկրների հետ ևս:

«Նույն Միացյալ Նահանգների, կամ Ֆրանսիայի, կամ Հնդկաստանի, կամ Եվրամիության հետ անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները բնականաբար ուղղված չեն Ռուսաստանի դեմ: Դրանք պարզապես այն արձանագրման իրողությունն են, որ նախկինում մեր ունեցած անվտանգային հարաբերությունները չեն հասցեագրում մեր անվտանգային կարիքները», - ընդգծել է նա: