Հայաստանն իրավական պետություն է, և վարչապետի լիազորությունների մեջ չի մտնում որևէ մեկին ձերբակալելու հարցը, The Telegraph-ի հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողը հարցրել է՝ Հայաստանի ոստիկանությունը կձերբակալի՞ և Հաագա կուղարկի՞ ՌԴ նախագահին Հայաստան այցելելու դեպքում, և հնարավո՞ր է Փաշինյանը զանգահարի Պուտինին և ասի, որ չայցելի Հայաստան։
«Հայաստանում իրավակարգ կա հաստատված, կան իրավական ինստիտուտներ, և բոլոր դեպքերում Հայաստանի իրավական ինստիտուտներն են կայացնում որոշումներ», - նշել է Փաշինյանը՝ հավելելով, - «Ես չեմ կարծում, թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի»։
2023-ին Հայաստանը միացավ Միջազգային քրեական դատարանին, որն էլ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։
«Այդ որոշումը կախված է եղել մեր անվտանգային միջավայրի փոփոխությունների գնահատմամբ: Մենք Հռոմի կանոնադրությունը վավերացրել ենք, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի հետևանքները վերլուծելով և արձանագրելով, որ մեր անվտանգային համակարգում որոշակի ճեղքեր են առաջացել: Այդ առումով մենք նաև Հռոմի կանոնադրությունը վավերացրել ենք որպես մի լրացուցիչ գործոն՝ Հայաստանի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար», - շեշտել է վարչապետ Փաշինյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Յուրաքանչյուր իրեն հարգող պետություն պետք է հետևի իր ստանձնած պարտավորություններին. Փաշինյանն՝ Ադրբեջանի մասին